Մեծ Բրիտանիայում կարող են «քովիդային անձնագրեր» ներմուծել

Մեծ Բրիտանիայում կարող են, այսպես ասած, «քովիդային անձնագրեր» ներմուծել բոլոր նրանց համար, ովքեր կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Sunday Times պարբերականը՝ հղում անելով կառավարության իր աղբյուրներին։

Ըստ լրատվամիջոցի՝ նման անձնագրեր ունեցողները կարող են ավելի ազատ տեղաշարժվել երկրում, գործուղումների մեկնել, քան պատվաստումներից հրաժարվողները։

Համապատասխան որոշման մասին Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը կարող է հայտարարել արդեն վաղը՝ նոյեմբերի 23-ին։ Ենթադրվում է, որ օրենսդիրների առջև ելույթի ժամանակ Ջոնսոնը նաև կտեղեկացնի այն մասին, որ Անգլիայում դեկտեմբերի 2-ից ավարտվում է համազգային կարանտինը և վերսկսվում են տեղական սահմանափակումները։

Պարբերականը նաև հաղորդում է, որ դեկտեմբերի վերջից կառավարությունը բրիտանացիներին կթույլատրի հավաքվել փոքր խմբերով՝ նշելու Ծննդյան տոները, սակայն դրանից հետո խիստ սահմանափակումները կրկին կգործեն և կշարունակվեն մինչև գարնան սկիզբ, երբ հնարավոր կլինի բնակիչների զանգվածային պատվաստումներ կատարել։

Worldometers կայքի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 54 հազար մարդ, ինչը Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշն է։ Մինչև օրս հիվանդացածների թիվը մոտենում է 1,5 միլիոնի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ