Էրդողանն անցնում է երկրորդ մասին. Ալիևի զոհաբերության հերթը

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նարիշկինը հայտարարել էր, որ Արևմուտքը Հայաստանում ու Ադրբեջանում ազգայնական ուժերին մղում է քայլերի, որոնց նպատակը Ռուսաստանի հովանու ներքո նոյեմբերի 9-ի համաձայնագրի տապալումն է: Նարիշկինի հայտարարության հայաստանյան հատվածին անդրադարձել ենք նախօրեին: Դիտարկենք ադրբեջանական տիրույթը:

Որքանո՞վ է իրատեսական ներկայումս խոսել Ադրբեջանում արևմտյան ազդեցության մասին, երբ այդ երկրում ըստ էության ամբողջությամբ հաստատվել է էրդողանական կառավարում: Հետևաբար եթե որևէ մեկն էլ ազդում է, ապա միայն Էրդողանի միջոցով: Նարիշկինի խոսքն իհարկե վերաբերում է Ադրբեջանի, այսպես կոչված, Շահիդների ծառուղում անցած բողոքի ակցիային, որի մասնակիցները վանկարկել են «Պուտին, հեռացիր»: Նրանք բողոքում են, որ Ռուսաստանը փաստորեն ռազմական ներկայություն է հաստատել Արցախում:

Ադրբեջանում նշմարվում են դժգոհություններ այն առնչությամբ, որ Մոսկվան փաստորեն Բաքվի ստորագրությամբ ռազմական ներկայություն է հաստատել Արցախում: Ինչո՞վ են պայմանավորված այդ դժգոհությունները: Աստիճանական գիտակցումով, որ ռազմական հաղթանակը իրականում կարող է ռազմավարական հեռանկարի իմաստով դառնալ «պյուռոսյա՞ն», թե՞ նոր ստատուս-քվոյի պայմաններում Ալիևն ու Էրդողանը սկսում են արդեն խաղ միմյանց դեմ:
Առերևույթ Թուրքիան Ադրբեջանին հասցրել է հաղթանակի, որը լիուլի տոնում են Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան: Իրականում, սակայն, պատերազմում հաղթել են Ռուսաստանն ու Թուրքիան, ընդ որում՝ եթե այդ հաղթանակը տեղի է ունեցել հայկական կորստի հաշվին, իսկ Ադրբեջանը թվում է՝ ձեռք է բերել, խորքային առումով կորցրել է նաև Ադրբեջանը: Ադրբեջանը կորցրել է սուվերենությունը, Ալիևը միաժամանակ կորցրել է, այսպես ասած, հաղթանակի սպասումով հանրային ներքին խնդիրները լռեցնելու կամ հանրությանն այդ սպասումով կերակրելու հնարավորությունը: Ադրբեջանը ձեռք է բերել ահաբեկչության օջախի միջազգային վարկ: Դրանով հանդերձ՝ ռազմավարական անվստահություն Իրանում: Ադրբեջանը Արցախում ստացել է ռուսական ռազմական ներկայություն, որը Մոսկվան փորձելու է ընդլայնել ռազմավարական հեռանկարում:

Թուրքիան էլ իր ռազմավարական հեռանկարում տեսնում է Ադրբեջանում թուրքական ռազմակայանի հաստատում, ինչին՝ պլանի երկրորդ մասին, Էրդողանն արդեն ձեռնամուխ է: Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Ադրբեջան զորք ուղարկելու նրա առաջարկը: Ալիևի համար, սակայն, թերևս միարժեք չէ թուրքական զորքի հաստատուն և առավել ևս ռազմակայանային ներկայությունը, որովհետև ամուր և անշրջելի հաստատվելու դեպքում Էրդողանն արդեն պլանի թերևս երրորդ մասով սկսելու է ազատվել նրանից էլ: Նա լավ է պատկերացնում, որ կանցնի «հաղթանակի համը», իսկ Ալիևի իշխանությունից ադրբեջանական հանրության դժգոհությունը կմնա: Այդ իմաստով, ադրբեջանցիներին ապահովելով ռազմական հաղթանակ, Էրդողանը հաջորդիվ կփորձի ստանձնել նաև ոչ լեգիտիմ Ալիևի հանդեպ ադրբեջանական հանրության հաղթանակի, այսպես ասած, հովանավորի դերը:

Այդ առումով Էրդողանը թերևս շահագրգռված է լինելու Ադրբեջանում խորացնել Արցախ ռուսական ռազմական մուտք տալու Ալիևի ստորագրության դեմ տրամադրությունները՝ աստիճանաբար, տողատակում նրա վրա թողնելով դրա համար պատասխանատվությունը: Օրինակ՝ ինչպես ՌԴ նախագահ Պուտինն իր հարցազրույցում փորձում էր ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը թողնել մեծ հաշվով Հայաստանի նոր և հին իշխանության վրա: Ընդ որում, Պուտինին այդ հարցում հազիվ թե հնարավոր է ներկայացնել իրավացի չլինելու մեղադրանք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ