Լավրովը համոզված է՝ ԼՂ պայմանավորվածության վերանայման փորձերը կձախողվեն


Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մասնավորապես ասել է.

«Ադրբեջանի նախագահը նշել է, որ ոչ բոլորին է դուր եկել նոյեմբերի 9-ի պայմանագրի ստորագրումը: Մենք էլ ենք նշել, որ կան պայմանավորվածությունը կասկածի տակ առնելու փորձեր: Կարծում եմ՝ այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվի, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնցից երկուսը, Ռուսաստանի հետ ԱՄՆ-ն և Ֆրանսիան են, բազմիցս ընդգծել են ԼՂ հարցի կարգավորման անհրաժեշտությունը՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք այսօր նյութականացվում են՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում:

Նաև շատ անգամ նշել ենք, այդ թվում վերջին անգամ՝ երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել էին Մոսկվա, որ այս և մյուս հակամարտության հանդեպ մոտեցումը պետք է լինի այն, որ առաջին հերթին մարդիկ չզոհվեն արյունալի պատերազմներում, որպեսզի դասավորվի խաղաղ կյանքը, կրոնները և մշակույթները գոյակցեն և որպեսզի տարբեր էթնիկ և կրոնական խմբեր ներկայացնող մարդիկ ապրեն խաղաղ և անվտանգ:

Եթե այդ ամենն ընդունվի որպես հիմնաքար, նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները կասկածի տակ դնելու կամ դրանք բացասական ներկայացնելու որևէ պատճառ չեմ տեսնում: Եթե առաջին տեղում լինեն աշխարհաքաղաքական նկրտումները, այդ դեպքում ոչինչ անել չենք կարող, սակայն նման բոլոր փորձերը չեզոքացնելու ենք և մեր ուշադրությունն ենք կենտրոնացնելու այն պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, որոնք համընկնում են այս տարածաշրջանում ապրող մարդկանց շահերին»,- նշել է Սերգեյ Լավորվը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ