Ինչու Մանվել Գրիգորյանը չհուղարկավորվեց Եռաբլուրում

Մինչեւ երեկ նշվում էր, որ «Արցախի հերոս» Մանվել Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի է ունենալու Եռաբլուրի զինվորական պանթեոնում, քանի որ վերջինս ցանկություն էր հայտնել, որպեսզի իրեն հուղարկավորեն Վազգեն Սարգսյանի եւ Սմբատ Այվազյանի շիրիմների մոտ գտնվող հողակտորում, սակայն ի զարմանս Մանվել Գրիգորյանի հարազատների՝ նրա վերջին խնդրանքն ընդունելի չի եղել, առաջարկվել է այլ տարածք, որին դեմ են եղել վերջինիս հարազատները, եւ նրան այսօր 15:00-ին կհուղարկավորեն հայրենի Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում։

Արարողակարգը կմեկնարկի Վաղարշապատ, Ալավերդյան 46տ . հասցեից ժամը 14։00-ին:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան մեկ մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար:

Նա մեղադրանքը չէր ընդունում, փաստաբաններն էլ հայտարարում էին քաղաքական հետապնդման մասին։

Ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ գտնվելուց հետո 2020-ի հունվարի 15-ին գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։

Խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության հարցը քննարկվեց այն բանից հետո, երբ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացավ։

Խափանման միջոցի փոփոխությունից հետո փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել Գրիգորյանի հետագա բուժումը Ֆրանսիայում շարունակելու համար։ Միջնորդությունը մերժվել էր։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշել էր, որ դատարանին որևէ ապացույց ներկայացված չէ այն մասին, որ Գրիգորյանի վիճակի վատթարացումն ուղղակիորեն կապ ունի արտերկրում հետազոտություն չանցնելու հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ