Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Օհանջանյանի փոխանցմամբ՝ այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 19-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Մովսես Հակոբյանը մի շարք տեղեկություններ էր հայտնել պատերազմի ընթացքում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված քայլերի մասին։ Նա, մասնավորապես, նշել էր, որ պատերազմի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մատուցվող սուտը գերազանցել է 100 տոկոսը, որ պատերազմի երրորդ օրը ՀՀ վարչապետը լրահամալրումը կանգնեցնելու հրաման էր արձակել եւ այլն։ Արձագանքելով Հակոբյանին՝ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նա արել է ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ։

Ասուլիսի տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազությունն անմիջապես ուղարկել էր ՀՀ ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու, նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու եւ իրավական գնահատական տալու հանձնարարությամբ։ Ժամեր անց Հակոբյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ բացատրություն տալու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ