«Վարչապետ դառնալ չեմ ցանկանում…». Ծառուկյանը պատրաստ է աջակցել հանրության կողմից ընդունելի թեկնածուին

Այս խայտառակ պարտությունից հետո ինչ բանակցություն կարող ա լինի, հիմա ո՞նց կարող է Փաշինյանը Ալիևի հետ նստի, ի՞նչ բանակցեն․ խայտառակ պարտություն, էդքան զոհ, անտուն մարդիկ, ավերվածություններ, սրանից հետո ինչ բանակցեն։

Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Դա անհնար է, պետք է մի վայրկյան առաջ հրաժարական տար, ամեն վայրկյանն աշխատում է ի վնաս մեզ»,-ասել է նա։

Դիտարկմանը՝ ինչ են անելու, եթե Փաշինյանը հրաժարական չտա, քանի որ նա արդեն 6 ամսվա ծրագիր է ներկայացրել, Գագիկ Ծառուկյանն ասել է․ «Որոշողը ժողովուրդն է, ժողովուրդը ոնց ընտրել է, այնպես էլ պիտի հրաժարականը պահանջի։ Մենք չենք ասում պիտի արյունահեղություն լինի, ցիվիլ, ոնց որ կարգն է․ ժողովուրդն է՞ ընտրել, ժողովուրդն էլ պետք է իրա հրաժարականը պահանջի»,-ասել է նա՝ նշելով, որ հակառակ դեպքում այս վիճակում տնտեսությունը, պետությունը, ժողովրդի խնդիրները լուծելու համար որևէ դրական քայլ անել հնարավոր չի լինելու։

«Ցանկանալը ուրիշ բան է, աթոռին կառչած լինելը ուրիշ։ Դա կարա կարճ տևի, 10 օր, մի ամիս, ամիսուկես․ պետք է իրականությունը նայես, ծրագիրդ նայես, պաշարը նայես, քո զարգացումը նայես, ինչի՞ հիման վրա, ոչ մի հիմք չկա»․-ասել է նա։

Անդրադառնալով հարցին՝ իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում, Ծառուկյանը պատասխանել է, որ իր համար իշխանության գալն ինքնանպատակ չէ։

«Մենք այսօր ամենավատ անդունդի մեջ ենք և մեզ կփրկի միայն համախմբվածությունը և հանրության կողմից ընդունելի այն թեկնածուն, որը հնարավորություններն ունի, հովանավորվածությունը ունի և կարող է ներկայացնել, թե ինչ քայլեր պետք է կատարի, որ և՛ ժողովուրդը, և՛ ես համոզված լինեմ, երկու ձեռքով կանգնեմ կողքը, աջակից լինեմ այս վիճակից դուրս գալու համար»,-ասել է Ծառուկյանը։

Նա նշել է, որ ինքն անձամբ չի ցանկանում վարչապետ լինել, իսկ թե ով է քաղաքական ուժերի թեկնածուն, Ծառուկյանն ասել է՝ ժամանակը գա, կիմանաք։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ