Պուտինը ՌԴ փոխվարչապետին հանձնարարել է հայկական կողմի հետ քննարկել Ղարաբաղի բնակչությանը ջեռուցմամբ ապահովելու հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին հանձնարարել է հայկական կողմի հետ քննարկել Ղարաբաղի բնակչությանը ջեռուցմամբ ապահովելու մասին հարցը:

«Ալեքսանդր Վալենտինի, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հարցի շուրջ, որ ձմեռ է մոտենում, այնուամենայնիվ, լեռնային տարածք է, և այնտեղ ցուրտ է, և ցրտերն արդեն մոտենում են: Այդ իսկ պատճառով հայկական կողմի հետ խոսելիս այս պահին պետք է հաշվի առնել այդ հարցերը: Խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձնել այդ հարցին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ Պուտինն ասել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության աշխատանքների մասին խորհրդակցության ժամանակ:

Նա նաև խնդրել է Նովակին այդ հարցով առանձին զեկույց ներկայացնել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ