Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։

Պիզայի քաղաքային խորհուրդը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, համերաշխություն է արտահայտել հայ ժողովրդին և մտահոգություն է հայտնել էքսպանսիոնիստական նկրտումների առնչությամբ։

Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան և Պալերմո քաղաքները, Լոմբարդիա ռեգիոնը, Կարբոնյանո համայնքի խորհուրդը, Չեզենայի համայնքը, Ֆորլի համայնքը, Բերչետո համայնքը, Արկոյի համայնքը, Վիարեջջոյի համայնքը, Ֆորտե դեյ Մարմի համայնքը, Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները, Ռինյանո Ֆլամինիոյի համայնքային խորհուրդը ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։

Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը հաստատվել է բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին:

1991 թ. սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»:

Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂԻՄ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ