ՊՆ հայտարարությունը ՍՈՒ 30-ՍՄ ինքնաթիռների վերաբերյալ

Նոյեմբերի 16-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիտարկումներ է հնչեցրել` կապված Հայաստանի կողմից ձեռք բերված ՍՈՒ 30-ՍՄ ինքնաթիռների՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում կիրառության հետ:

Ընդ որում՝ պարոն Քոչարյանն իր խոսքը կառուցել է ակնհայտ հեգնական տոնայնությամբ՝ մասնավորապես «հիշեցնելով», որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «նկարվում էր, նստում էր» ՍՈՒ-երը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ հնչեցված հայտարարության բովանդակությունն ու տոնայնությունն ինքնին  հարիր չէ պետական բարձրաստիճան պաշտոնյային: Մյուս կողմից, հիշատակված ինքնաթիռների Հայաստանում դիմավորման հանդիսավոր արարողությունն անցկացվել է հանրապետության վարչապետի գլխավորությամբ:

Իսկ ինչ վերաբերում է վերջին ռազմական գործողությունների ընթացքում ինքնաթիռների կիրառությանը, ապա պարոն Քոչարյանը պետական այն պաշտոնյան չէ, որի դիրքը հրամանատարական ուղղահայացում իրավունք կընձեռեր զեկույցներ ակնկալել` ՍՈՒ-երը կիրառվե՞լ են, թե՞ ոչ, մարտական խնդիր կատարե՞լ են, թե՞ ոչ, քանի՞ թռիչք է դրանցով իրականացվել և այլ հարցադրումների վերաբերյալ: Վստահեցնում ենք, որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր ի պաշտոնե պետք է ստանան այդ զեկույցները, մանրամասնորեն տեղեկացված են այս հարցերի պատասխանների վերաբերյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ