Զինադադարի հաստատումից հետո Արցախի ճանապարհին ՀՀ քաղաքացի է գերեվարվել

Երևանցի 40-ամյա Դավիթ Իսահակյանը զինադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախից 85 և 75-ամյա ամուսիններին ցանկացել է տեղափոխել Մարտունու Գիշի գյուղ։ Տեղեկանալով, որ Բերձորի ճանապարհն անվտանգ է, քանի որ մարտական գործողություններ չկան՝ Դավիթ Իսահակյանը որոշել է տարեց ամուսիններին Արցախ հասցնել այդ ճանապարհով։ Նրանց հետ կապը կտրվել է Լիսագոր գյուղի հատվածում։

Իսահակյանի կինը՝ Ժաննա Ղազարյանը, ամուսնու հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին։ Կինն ամուսնուց տեղեկություններ չի ունեցել։ Երեկ, սակայն, զանգահարել է ամուսնու ընկերն ու հայտնել՝ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում գերիների մասին տեսանյութ է տեսել, որում եղել է նաև Դավիթ Իսահակյանը։

Նշենք, որ ադրբեջանական տեսանյութում երևում են այլ գերիներ ևս, որոնցից մեկը՝ Գևորգ Սուջյանը, նույնպես քաղաքացիական անձ է և ցանկացել է հումանիտար բեռ տեղափոխել Արցախ:

Արցախցի ամուսինների ճակատագիրը նույնպես անհայտ է: Գերեվարվածների ընտանիքները դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակին:

Ադրբեջանական տիրույթում շրջանառվող վերոնշյալ տեսանյութն այս պահին հեռացված է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ