«ՀՀ նախագահը և մյուս ինստիտուտները պետք է ոչ թե չգործեն, այլ գործեն…». Փաշինյանն՝ ի պատասխան Արամ Աբրահամյանի հարցի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև «ՇԱՆԹ» ՀԸ մեկնաբան Արամ Աբրահամյանի հարցին, որը հետևյալն էր.

«Եթե ԱԺ պատգամավորները, նախարարները, կառավարության անդամները, ՀՀ նախագահը տեղյակ չէին հայտնի հայտարարության բուն քննարկումից և ընդունած որոշումից, փաստաթղթից, արդյոք չի՞ նշանակում, որ այդ ինստիտուտները պարզապես չեն գործում և ճգնաժամի մեջ են։ Չե՞ք կարծում, որ օր առաջ անհրաժեշտ է արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորել գործունակ իրավահաջորդներին»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ պատերազմի ընթացքում գոնե երկու անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցություն է ունեցել ՀՀ նախագահը, դրանցից մեկին՝ Վեհափառ հայրապետը, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, եղել են հանդիպումներ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ընդհանուր միտումների մասին տեղյակ են եղել:

«Այո, կոնկրետության հետ կապված նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի եղել քննարկել, որովհետև եղել է մի իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել սահմանափակ ժամերի ընթացքում, և այդ ընթացքում են կայացվել՝ խորհրդակցելով ԶՈՒ ԳՇ և Արցախի քաղաքական ղեկավարության հետ, որովհետև կոնկրետ իրադարձություններ էին զարգանում, և պետք էր արձագանքել: Ինչ վերաբերում է ինստիտուտներին, ապա դրանք գործում են և կգործեն, կարևոր եմ համարում, որ անվտանգությունը լիովին երաշխավորենք, պետք է կենտրոնանանք այդ խնդրի վրա, ՀՀ նախագահը և մյուս ինստիտուտները պետք է ոչ թե չգործեն, այլ գործեն և ուղղված լինեն անվտանգությունն ապահովելուն: Դրանք գործունակ են և ունեն մանդատ ու լիազորություն»,-պատասխանել է կառավարության ղեկավարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ