Դադիվանքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում

Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են սրբավայրում մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»,- գրել է Վահրամ քահանա Մելիքյանը:

Դադիվանքը  Ղարաբաղի և Մռավի լեռնաշղթաների միջև, Տրտու գետի ձախ ափին, անտառապատ փոքրիկ բլրի վրա, եղել է Արցախի հնագույն սրբավայրերից մեկը: Ժամանակին այսեղ եղել է Խութ բնակավայրը: Ըստ ավանդության, դեռևս 1-ին դարում այստեղ է գալիս Սուրբ Թադեոս առաքյալի աշակերտներից մեկը՝ Դադին, և նահատակվում: Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցվում է վանք, որն ի պատիվ նրա կոչվում է Դադիվանք, իսկ ըստ տեղանքի՝ Խութավանք: Իսկ արդեն 5-րդ դարում այն հիշատակվում է որպես եպիսկոպոսանիստ: Վանքային համալիրը բազմիցս ենթարկվել է օտարների հարձակումներին, ավերվել ու կողոպտվել նրանց կողմից, սակայն նորից վերանորոգվել ու վերականգնվել է:

Համալիրի ներկայիս պահպանված շինությունները 12-13-րդ դարի կառույցներ են: Գլխավոր եկեղեցին՝ Կաթողիկեն, կառուցել է իշխան Վախթանգի կինը՝ Արզու խաթունը: Այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ՝ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ