Սարգիս Ստեփանյանն այս անգամ էլ էր Արցախում․ նա նոր վնասվածք է ստացել

2014 թվականի հունիսի 29-ին Արցախում վիրավորված Սարգիս Ստեփանյանը, որը ծառայակից ընկերոջը ականապատված տարածքից հանելու ժամանակ կորցրել էր երկու ոտքն ու աջ ձեռքը, դրանից հետո ոչ միայն շարունակեց ապրել, այլև վերադարձավ շարք և իր հոգու ու ոգու ամրությամբ բազմաթիվ մարդկանց համար դարձավ ուժի մարմնացում և օրինակ:

Հայրենիքի համար վերջույթները կորցրած զինվորականն այս պատերազմում էլ չմնաց թիկունքում և գնաց Արցախ: Կյանքի առաջ չընկրկած ու չհանձնված սպան հենց այդպես էլ վարվեց ու, ցավոք, այս անգամ էլ ստացավ բեկորային վնասվածնքեր:

Սարգիս Ստեփանյանը այժմ իրեն լավ է զգում և արդեն քայլում է: «Ոտքս էր մի փոքր վնասվել, բայց հիմա ես ինձ շատ լավ եմ զգում: Մի քանի մակերեսային բեկորներ են եղել, հանել են: Փառք Աստծո, արդեն քայլում եմ»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Սարգիսը:

Թե ի՞նչ հանգամանքներում է վիրավորվել, նա մանրամասներ չհայտնեց, միայն նշեց, որ վիրավոր դուրս բերելու ժամանակ է եղել. «Վիրավոր էինք իջեցնում: Մեքենաս է ամբողջովին վնասվել, բայց, փառք Աստծո, մենք հրաշքով պրծել ենք, ամեն ինչ շատ լավ է ու ամեն ինչ լավ է լինելու»: Սարգիսը, ի դեպ, ինքն է վարում իր մեքենան։

Սարգիս Ստեփանյանը նաև հայտնեց, որ մի քանի օր Ստեփանակերտի հոսպիտալում է գտնվել, իսկ այժմ Երևանում է՝ տանը. «Մի քանի օր պառկեցի հոսպիտալում, դուրս գրվեցի ու եկա տուն: Այժմ անգամ պրոթեզ եմ հագնում, քայլում եմ, այսինքն՝ ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է: Ու առհասարակ, առաջին օրվանից էլ լավ եմ զգացել»,- ասաց նա:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ