Ինչպե՞ս եղավ, որ վարչապետի հայտարարությունից հետո, թե Շուշիում մարտերը շարունակվում են, կարճ ժամանակ անց անհրաժեշտ եղավ հրադադարի պայմանագիր ստորագրել:
Լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան՝ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց.
«Ես բացի վարչապետի հայտնած տեղեկություններից, կարող եմ ասել իմ տղայի հայտնածը: Իմ տղայի հրանոթը այն քիչ հրանոթներից մեկն էր, որը մինչեւ վերջին վայրկյանը կրակել է: Վազգեն Քոչարյանի հրանոթը Արցախում էլ լավ գիտեն: Եվ դա կրակել է: Հիմա էդ մարտերը գնո՞ւմ էին, թե՞ չէ»,- հարցով պատասխանեց Քոչարյանը:
Փառք ու պատիվ ասելով զոհվածներին՝ Քոչարյանը ընդգծեց՝ կենդանի մնացածները մեր երկրի ապագայի հիմքերն են, եւ էս պատերազմը նաեւ դա տվեց: Ուստի, ըստ նրա, այստեղ իրար չպետք է բզկտենք:
Խոսելով այն մասին, թե արդյոք բանակցություններ ընթանո՞ւմ են Քարվաճառի համար՝ Քոչարյանը հստակ պատասխան չտվեց.
«Քարվաճառը, իհարկե, շատ կարեւոր հանգույց է: Մենք ունենք զարկերակներ, մեկը՝ Շուշիով, մեկը՝ Քարվաճառով, եւ շատ լավ կլիներ, որ Քարվաճառի ճանապարհը նույնպես լիներ ռուսական վերահսկողության տակ: Շատ կարեւոր է, որ Արցախի բնակչությունը ոչ թե լքի Արցախը, այլ մնա իր տեղում, մենք էլ ավելացնենք իրենց անվտանգության բաղադրիչը, թեկուզ ռուս խաղաղապահների միջոցով»,- ասաց Քոչարյանը:
Վստահեցրեց՝ այդտեղ աշխատելու թեմա կա:
Հարցին՝ պետք է համակերպվե՞լ կորուստների հետ, պատգամավորը բացասական պատասխան տվեց.
«Անձամբ ես չեմ համակերպվում… Կարող է ինչ-որ մեկը համակերպվի՞, որ Վազգեն Սարգսյանի արձանը մնալու է Շուշիում միայնակ: Ո՛չ: Բայց որ չհամակերպվենք եւ արդյունք ակնկալենք, մենք պետք է երկիրը ամուր պահենք ներսում էլ, դրսում էլ»: