Ազատության հրապարակից բերման է ենթարկվել 62 անձ. նրանց թվում է նաեւ Ժիրայր Սեֆիլյանը

Այսօր Ազատության հրապարակում մեկնարկեց Ազգային ժողովրդավարական բևեռի հանրահավաքը. ներկա էին, «Սասնա ծռերի» անդամները, հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը, Արա Պապյանը, «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական շարժման նախագահ Գարեգին Չուքասզյանն ու այլք։

Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց՝ երկու օր առաջ ուշ գիշերին այն, ինչ լսեցինք բոլորս, շատ ծանր է. «Մեր ժողովրդի հոգեվիճակը այդ պատճառով ծանր է, սակայն բոլորիդ ուզում եմ հիշեցնել, որ դա ընդամենը հայտարարություն է, համաձայնագիր չէ, պայմանագիր չէ: Դա մի հայտարարություն է, որի տակ ստորագրել են երեք երկրի ղեկավարներ, որոնք, իմ համոզմամբ, մոտ ապագայում  մեկը մյուսի հետևից պաշտոնանկ են արվելու: Երբ զգանք, որ մեր բանակին, մեր երկրի պաշտպաններին անհրաժեշտ է ֆիզիկական օգնություն, մենք այդ քայլը ձեռնարկելու ենք: Այս ճգնաժամը հաղթահարելի է. հուսադրվեք ժողովուրդ»,- նշեց Սեֆիլյանը:

Աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանն էլ նշեց, որ փնտրում է ժողովրդի ճակատագրով մտահոգ մարդկանց։ «Որպեսզի մենք 100 տարի հետո այսօր չերգենք «Ես պանդուխտ եմ, ճամփաներին ծանոթ չեմ, քույրիկ, ասա, որն է ճամփան բինգյոլի, որպեսզի մեր զավակները չերգեն՝ «ես պանդուխտ եմ, այս տեղերին ծանոթ չեմ, քույրիկ, ասա՝ որն է ճամփան Շուշիի», մենք այսօր պետք է փորձենք համախմբվել և ելք փնտրել այս իրավիճակից։ Ես երբեք իմ կյանքի ողջ ընթացքում չեմ եղել այսչափ խաբված, մոլորված, որովհետև մեզ 45 օր շարունակ հավատացնում էին, վստահեցնում էին, որ մենք հաղթելու ենք, որ մենք արդեն հաղթել ենք, որ մենք անպարտելի ենք, և մեր թիկունքից այսպիսի որոշում։ Տեղի է ունեցել մեծամասշտաբ դավաճանություն, մենք պետք է փորձենք ելք գտնել այս դժվարին իրավիճակից, որը մեզ ֆիզիկապես և հոգեպես փլուզել է»,- ասաց նա։

Ելույթներից հետո պետք է կայանար նախատեսված երթը, սակայն այն նոր էր մեկնարկել, երբ ոստիկանական ուժերը մտան Ազատության հրապարակ. նրանց եւ ցուցարարների միջեւ քաշքշքուկ տեղի ունեցավ: Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները սկսեցին ուժով բերման ենթարկել ցուցարարներին. «Սասնա ծռեր» շարժման հայտարարության համաձայն՝ բերման ենթարկվածների թվում է նաեւ Ժիրայր Սեֆիլյանը:

ՀՀ ոստիկանությունից «ՀԺ»-ի հարցին ի պատասխան՝ ասացին, որ Ազատության հրապարակից բերման է ենթարկվել 62 անձ: Ոստիկանությունից հավելեցին, որ կա հարուցված քրեական գործ, որը փոխանցվել է Քննական կոմիտե:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ