Այսօր ՀՅԴ գրասենյակում ասուլիս են անցկացրել 17 կուսակցություններից մաս կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Մասնակցել են «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Ազգային օրակարգ», ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների անդամները:
ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հայտնել է, որ ասուլիսից առաջ ԱԱԾ-ն ՀՅԴ գրասենյակի տարածքից բերման է ենթարկել ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանին, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին, «Ազգային օրակարգի» քաղաքական խորհրդի նախագահ Արա Հակոբյանին:
Բանախոսները նախ դատապարտել են օրինապահ մարմինների այս քայլը, այնուհետև՝ դարձյալ սուր քննադատության ենթարկել հայտնի փաստաթղթի դրույթներն ու դրա վավերացումը:
Ասուլիսի ընթացքում անդրադարձել են «Իմ քայլը» խմբակցության երեկվա հայտարարությանն ու կոչ արել խմբակցության իրենց գործընկերներին հայտարարել նաև, թե կոնկրետ ովքեր են ստորագրել այդ հայտարարության տակ: Բանախոսները հայտարարել են նաև, որ շարունակելու են պայքարը, իսկ հիմնական պահանջները մնում են վարչապետի հրաժարականը, փաստաթղթի չեղարկումը: