«Չկար Ստեփանակերտը պահող, կար մի քանի հարյուր հոգի ընդամենը: 6000-ից ավել զորքին մենք այդքանո՞վ պետք է դիմակայեինք…». Արայիկ Հարությունյան

Ինչու՞ ենք վերջում պարտադրված զինադադար կնքել: ՀԱրցի պատասխանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում տվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Պարտադրված զինադադար կնքեցինք, որովհետև մեր զինվորները շրջափակման վտանգի տակ էին: Երբ որ Ստեփանակերտն արդեն պաշտպանող չունեինք, քանի որ զինվորականները հիմնականում առաջնագծում էին:

Ո՞ւր էին կամավորականները, ո՞ւր էր մեր պահեստազորը, ո՞ւր էին իմ սիրելի ստեփանակերտցիները, որոնք այսօր փնտրում են դավաճաններ: Չկար Ստեփանակերտը պահող, կար մի քանի հարյուր հոգի ընդամենը: 6000-ից ավել զորքին մենք այդքանո՞վ պետք է դիմակայեինք:

Իսկ Ստեփանակերտը գրավելուց հետո ընդամենը մի քանի կմ-ից կշրջափակվեր մեր ամբողջ զորքը, 18-20 տարեկանները, որոնք գտնվում էին Մարտունիում, Կարմիր Շուկայում:

Ասում եմ, կռվել են հիմնականում 18-20 տարեկանները: Բայց միայն նրանցով հնարավոր չէր կռվել 6-7-8 պետության դեմ:

Խոնարհվում եմ զոհվածների առջև: Խոնարհվում եմ այդ 18-20 տարեկան զինվորների առջև, որոնք մինչև այսօր պաշտպանում են մեր երկրի սահմանը:

Երկրի նախագահի տեղն առաջնագիծը չէ: Տասնյակ անգամ եմ գնացել առաջնագիծ, մի մասը ցույց եմ տվել, մի մասը՝ ոչ:

Ընդամենը մի քանի տասնյակ դիվերսանտից 1500 հոգին փախնում էին Հադրութից: Գնացել աղաչել, պաղատել եմ, որ պետք է գնանք Հադրութ, պետք է ոչնչացնենք այդ խմբավորումը:

Ես ստիպված եմ այս ամենն ասում, որովհետև արդեն պառակտում եք, մեղավորներ եք փնտրում: Մեղավոր ենք բոլորս: Պաշտպանության բանակին թողել եք մենակ: Նյութական մատակարարումը բավարար չէ:

Պատերազմի կանոններն են. ինչքան զոհ, վիրավոր ես ունենում, պետք է այդքան համալրես: Յուրաքանչյուր օր հարյուրավոր զոհ ու վիրավոր էինք ունենում:

Ինչքա՞ն էինք համալրում: Համալրվածներն էլ հրաժարվում էին գնալ մեր տղաներին օգնության:  Ինչքան տղաների դիեր այսօր ուեննք առաջնագծում այն պատճառով, որ ժամանակին չենք կարողացել հասնել օգնության»,-ասաց նախագահը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ