ՌԴ նախագահը հանձնարարել է օգնել Ադրբեջանի խոցած Ми-24 ուղղաթիռի զոհված զինծառայողների ընտանիքներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է օգնություն ցուցաբերել Հայաստանում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ռուսական Ми-24 ուղղաթիռի զոհված ռուս զինծառայողների ընտանիքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինն այս մասին ասել է զինվորականների հետ խորհրդակցության ժամանակ:

«Խնդրում եմ Պաշտպանության նախարարին օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին», — ասել է Պուտինը:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ми-24 ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվել են անձնակազմի հրամանատար Յուրի Իշուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը:

Նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը գետնից ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Խոցվելու հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել է Հայաստանի տարածքում լեռնային տեղանքում:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հայկական կողմը ռուսական կողմին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը ռուսական օդատիեզերական ուժերի ուղղաթիռի վթարի հանգամանքները պարզելու հարցում:

Ադրբեջանական կողմը խոստովանել է իր զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության օդային սուվերեն տարածքում ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ»: Ադրբեջանը ներողություն է խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատրաստ է փոխհատուցում տրամադրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ