«Ինչու օրինակ, սեպտեմբերի 27-ին նույն պայմաններով զինադադար չի կնքվել…». վարչապետ Փաշինյան

Ես նման որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ որ ըստ էության, բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրժեշտությունը: Այս մասին Facebook-ի իր էջում լայվի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով զինադադարի մասին հրպարակված հայտարարությանը:

«Պատկերացնում եք չէ՞, որ բանակն ասում է՝ պետք է կանգնել, որովհետեւ մենք ունենք որոշակի  խնդիրներ, որոնց լուծման  հեռանկարը կամ չի երեւում կամ այդ խնդիրները լուծելու ռեսուրսը սպառված է, կամ այդ խնդիրների գոյության արդյունքում ունենք որոշակի պրոբլեմներ: Օրինակ, մենք բախվել ենք այնպիսի տարօրինակ դեպքերի, որ օրինակ, զինված ուժերի զորամասը, գունդը, պետք է մարտական նպատակով տեղափոխվի, բայց տվյալ բնակավայրի բնակիչներ փակում են զորամասի դռները, մեքենաները եւ թույլ չեն տալիս, որ դուրս գան զորամասից: Մենք ունեցել ենք այսպիսի տասնյակին մոտ դեպքեր, որի արդյունքում մենք ունենում ենք գունդը առաջնագիծ հասցնելու խնդիր: Իհարկե, շատ դեպքերում արվել են շատ կոշտ միջամտություններ, որոշ դեպքերում նման հնարավորություն չի եղել, որովհետեւ ոստիկանական կոնտինգենտը նույնպես գործուղված է եղել առաջնագիծ: Սա բերել է շատ լուրջ ու ծանր հետեւանքների, որի հետեւանքները մենք տեսել ու իմացել ենք առաջնագծում»,-ասաց նա:

Հաջորդ խնդիրը, ըստ Փաշինյանի, մեր զորահավաքային համակարգի պրոբլեմն է. «Կա գործող բանակ եւ անհրաժեշտության դեպքում իրականացվում է զորահավաք, որը կոչվում է մոբ ռեսուրս: Դա այն մարդիկ են, որոնք քաղաքացիական կյանքից զորակոչվում են բանակ, միանում են զինված ուժերին՝ խնդիրներ իրականացնելու համար: Փորձը ցույց տվեց, որ քաղաքացիական կյանքից եկած մարդիկ, ցավոք, այնքան էլ պատրաստ չեն ռազմական գործողություններին լիարժեք մասնակցելու: Նրանք արագ կորցնում են մարտունակությունը եւ դա խնդիրներ է առաջացնում: Դրա հետեւանքով վերջում կասեմ, թե ինչ կարգի խնդիրներ են առաջացել:

Նույնը վերաբերում է նաեւ կամավորների որոշակի շերտի, որոնք էլի քաղաքացիական կյանքից եկել են, բայց ինչ-որ պահի իրենց մոտ մարտունակության խնդիրներ են առաջանում: Սա չի նշանակում, որ մոբ ռեսուրսով կամ կամավորներով ներգրավված բոլոր մարդիկ նույն վիճակում են եղել: Մենք ունեցել ենք մարդիկ, որոնք հերոսաբար կռիվ են տվել, բայց ընդհանուր առմամբ այս ոլորտում տեսել ենք խնդիրներ եւ բախվել ենք նաեւ որոշակիորեն դասալքության խնդրի հետ, որը ցավոք սրտի, ոչ մի կերպ հնարավոր չի եղել լուծել:

Երբ որ ներգրավված ամբողջ ռեսուրսը արդյունավետ չի եղել, դրա արդյունքում մենք պրոբլեմ ենք ունեցել, որ լավ կռվող զինվորներն իրենց փոխարինող չեն ունեցել: Այն մարդիկ, որոնք լավ կռվում են, նրանց ինչ-որ մի պահի պետք է հանգստանալու հնարավորություն տալ, որպեսզի ինքը վերականգնվի ու վերադառնա շարք: Բայց քանի որ մենք մոբ ռեսուրսի եւ կամավորների մարտունակության անկման, դասալքության արդյունքում ունեցել ենք խնդիրներ, առաջնագծում եղել են մարդիկ, որոնք մեկ ամիս շարունակ մնացել են եւ նրանց փոխարինող հնարավոր չի եղել գտնել:

Ահա այս կարեւոր պատճառները մեզ համար ստեղծել են բավականին լուրջ պրոբլեմներ, այն աստիճան, որ ըստ էության, մեր բանակը եւ նաեւ Արցախի քաղաքական ղեկավարությունը շատ հստակ խնդիր է ձեւակերպել, որ պետք է ժամ առաջ, րոպե առաջ կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում հետեւանքները կլինեն շատ ավելի ծանր:

Սա շատ ծանր որոշում է եղել, մենք գիտեինք, որ վրդովմունք պետք է առաջացնի, բայց մենք հայտնվել ենք մի իրավիօճակում, որ այլընտրանք ուղղակի գոյություն չուներ»,-ասաց ՀՀ վարչապետը:

«Կար նաեւ այսպիսի հարց, թե ինչու օրինակ, սեպտեմբերի 27-ին նույն պայմաններով զինադադար կամ հրադադար չի կնքվել: Մի պարզ պատճառով. սեպտեմբերի 27-ին զինադադարի պայմանները շարունակում էին մնալ նույնը: Այսինքն եթե մենք զինադադար էինք խնդրում, դա կարող էր ընդունվել միայն ձեզ եւ մեզ հայտնի 7 շրջանները  վերադարձնելու կամ հանձնելու պայմանով: Մենք նման քայլի չէինք կարող գնալ, որովհետեւ հավատում էինք, որ Արցախի ՊԲ-ն, հայ ժողովուրդը կկարողանանք այնպես անել, որ ոչ թե անհրաժեշտ լինի մենք շահագրգռված լինենք հրադադարի ռեժիմի մեջ, այլ մենք կարողանանք պարտադրել հրադադար, ինչը սակայն տեղի չունեցավ:

Մենք չէինք կարող մտածել, որ տարածքներ հանձնելը հրադադարի հասնելու ճիշտ ճանապարհ է: Բնականաբար հարց կհնչի, թե ինչու որոշեցինք այնուամենայնիվ գնալ նման քայլի. Շատ պարզ պատճառով, որովհետեւ բանակի զեկույցները լսելով մեզ համար ակնհայտ դարձավ, որ հետագա շարունկության հետեւանքները լինելու են շատ ավելի ծանր, պետք է այս պահին ուղղակի կանգ առնել: Գտնել ձեւը, այո, ընդունել պայմաններ, որոնց առնվազն մի մասը անխուսափելիորեն տեղի կունենային ռազմական գործողությունների շարունակության պարագայում: Սա է ճշմարտությունը»,-ընդգծեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ