Բացահայտվել է Քոթանջյանին կողոպտած անձի ինքնությունը

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում պարզել են դեկտեմբերի 30-ին դերասան Ռաֆայել Քոթանջյանին կողոպտած անձանց ինքնությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Դեկտեմբերի 30-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են երկու տղամարդ զրուցելով բարձրանում ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հետևից: Այդ ընթացքում նրանցից մեկը բացահայտ հափշտակում է Ռաֆայել Քոթանջյանի դրամապանակն ու փախնում: Դրամապանակում եղել են փող, քարտեր և անձը հաստատող փաստաթուղթ: Դեպքը տեղի էր ունեցել մայրաքաղաքի Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկի գետնանցման աստիճանահարթակին: Հարուցվեց քրեական գործ՝ կողոպուտի հատկանիշներով:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը՝ բացահայտելով հանցագործությունը:

Հունվարի 17-ին՝ վաղ առավոտյան, հիշյալ ստորաբաժանումների և պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները Երևանի Նորագյուղ թաղամասի Ամերիկյան փողոցի տներից մեկում հայտնաբերել ու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի Ա. Շամիլովին:

Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Շարունակվում են միջոցառումները նրա հանցակցին՝ դարձյալ Վրաստանի քաղաքացի Ա. Անանիկյանին, հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու միջոցառումները:

Անանիկյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02:
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ