«Բիզնես նպատակներով իմ տղայի նկարը չհայտնվի ինչ-որ ապրանքանիշերի վրա ». Ալբերտի հոր զգուշացումը

«Մի բան կուզենայի ասել, կարող է կոպիտ հնչի ասածս, բայց պիտի ասեմ»,- այսօր Եռաբլուրում մեզ հետ զրույցում այսպես ասաց մեր հերոսի՝ պատերազմի խորհրդանիշ դարձած հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ իր դժգոհությունը հայտնելով մի հարցի շուրջ, որն իրեն մտահոգել է:

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ալբերտի քառասունքի արարողությունն էր: Արտակ Հովհաննիսյանն ասաց.

«Շատ մարդիկ թող ո՛չ շահարկեն, ո՛չ քննարկեն, եթե ունեն անելու բան, ուրեմն թող անեն, թող իմ արածները ոչ մեկը չմեկնաբանի: Ու մեկ էլ մի խնդրանք՝ բիզնես նպատակներով իմ տղայի նկարը չհայտնվի ինչ-որ ապրանքանիշերի վրա: Ես խիստ հետեւողական եմ լինելու ու ամենախիստ ձեւով պատժելու եմ: Իմ համար նման օրենք չկա, որ գործի ու ես իրեն չպատժեմ: Եվս մեկ անգամ զգուշացնում եմ եւ հորդորում եմ՝ նման բան ես թույլ չեմ տալու:

Հարցեր ունե՞ն, բոլորն իմ տեղը գիտեն, կարող են մոտենալ, խոսել, զանգել, շփվել, ստանալ այդ իրավունքը: Էդ ի՛մ իրավունքն է, էդ երեխուն մենք ենք աշխարհ բերել, իրանք չեն բերել ու ոչ ոք իրավունք չունի իմ փոխարեն որոշում կայացնել»: Երբ հետաքրքրվեցինք՝ դուք մի աննկարագրելի քայլ արեցիք, Ալբերտի զոհվելուց հետո ձեր մեքենան նվիրաբերեցիք Հայոց բանակին, դրանով ի՞նչ ուղերձ էիք ուզում փոխանցել եւ կարո՞ղ է ձեր այդ քայլը լավ իմաստով վարակիչ լինել մյուսների համար, Արտակ Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ուղղակի դա իմ սրտի ցանկությունն է եղել, ուղղակի ուզեցել եմ, որ գոնե եթե այդ մեքենան կարողանա փրկի թեկուզ մի զինվորի կյանք, թող փրկի: Այնպես չի, որ նյութականով պետք է ապրենք: Այդ նյութականը մենք ենք ստեղծում, մենք երբ ուզենք՝ կստղծենք: Հիմա դրա ժամանակը չի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ