Ռուսաստանը Թուրքիային ցույց է տվել, թե ինչ կարող է անել

Արցախյան հակամարտության գոտի բերվող ահաբեկիչները մինչև արմունկ թաթախված են արյան մեջ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նոյեմբերի 5-ի ճեպազրույցում: Նա հայտարարել է, թե Ռուսաստանի համար խիստ մտահոգիչ է ռեգիոնում ահաբեկչական «անկլավի» ձևավորման վտանգը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարել էր, որ իրենց տեղեկությամբ՝ ռեգիոն է բերվել մոտ 2000 վարձկան: Բաքվի ղեկավար Ալիևն իսպանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե ափսոսում է, որ չեզոք միջնորդության կոչված պետության բարձրաստիճան պաշտոնյան անում է չհիմնավորված հայտարարություններ՝ չճշտված տեղեկությունների հիման վրա: Ռուսաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է Ալիևի այդ հայտարարությանը ՏԱՍՍ-ի հետ զրույցում, սակայն առանց անվան, անանուն աղբյուրի ձևաչափով, նշելով, թե իրենց համար անհասկանալի է Ալիևի զգայական արձագանքը, և այն համարժեք չէ Լավրովի հայտարարությանը:

Համարժեք է, թե ոչ, բայց Էրդողանն ու Ալիևը բութ համառությամբ և ցինիզմով շարունակում են Կովկասը լցնել ահաբեկիչներով: Լավրովն ու Զախարովան կարո՞ղ են, մտահոգվելուց բացի, անել քայլեր, որոնք Ալիևին կստիպեն ափսոսալ արդեն այլ բանի՝ Կովկասում Թուրքիայի ահաբեկչական որջապետ դառնալու համար: Թե՞ Սերգեյ Լավրովն ու Մարիա Զախարովան և ընդհանրապես պաշտոնական Մոսկվան չի ուզում մինչև արմունկները թաթախվել ճշմարտության մեջ՝ բավարարվելով կիսաճշմարտությամբ՝ ասենք, մինչև դաստակները:

Բանն այն է, որ արդեն մեկ ամիս Ռուսաստանը մտահոգություն է հայտնում ահաբեկիչների առնչությամբ՝ այն դեպքում, երբ Թուրքիան ավելի քան մեկ ամիս իրականացնում է ահաբեկիչների կանոնավոր փոխադրումներ Կովկաս: Եթե Մոսկվան ունի ապացույցների անհրաժեշտություն, ապա Երևանն, օրինակ, հազիվ թե մերժի սիրիացի վարձկանների հանդեպ ռուս իրավապահների հասանելիության որևէ հարցում: Երևանը հազիվ թե թաքցնի դրանցից որևէ մեկին այնպես, ինչպես ռուս իրավապահները թաքցրին Պերմյակովին հայերից: Ընդ որում, հետաքրքիր է, ի՞նչ բացահայտեցին նրանք: Ո՞վ էր տվել ինքնաձիգը Պերմյակովի ձեռքն ու տվել հայկական ընտանիքը սառնասրտորեն գնդակահարելու ցուցումը: Կասկած չկա, որ ռուս իրավապահները արել են շատ ուշագրավ բացահայտումներ, բայց թերևս դարձյալ քաղաքական մակարդակում Մոսկվան գերադասել է չթաթախվել ճշմարտության մեջ մինչև արմունկը, որովհետև այդ դեպքում կառաջանար թուրք գործընկերների հետ ձեռք ձեռքի տալու լուրջ խնդիր: Ավելի նախընտրելի էր հարցերը փակել ավանդական մեթոդով՝ Հայաստանում ինչ-որ մարդկանց մեղադրելով ողբերգությունը «հակառուսական ակցիայի» վերածելու համար:
Դրան հաջորդեց այն, որ Ռուսաստանը ստիպված էր մինչև արմունկը չթաթախվել ճշմարտության մեջ սեփական օդանավի խոցման և օդաչուի գնդակահարության, հետո նաև Անկարայում ՌԴ դեսպանի գնդակահարության պարագայում՝ փորձելով գտնել Թուրքիային արդարացնելու միջոցներ:

Այժմ Ռուսաստանը գերադասում է կիսաճշմարտությամբ բավարարվել Կովկաս ներբեռնված ահաբեկիչների դեպքում՝ խոսելով ինչ-որ «անկլավի» մասին: Ի՞նչ անկլավի մասին է խոսքը՝ Ադրբեջանի՞: Եթե Ադրբեջանը ՌԴ-ի համար այլևս ահաբեկչական անկլավ է, ապա այդ ճշմարտության մեջ պետք է թաթախվել ամբողջությամբ՝ հստակ նշելով, թե ով է Ադրբեջանը կլանել և Կովկասում ու Կասպիցի ավազանում վերածել ահաբեկչական անկլավի՝ Թուրքիան: Թաթախվել ու անցնել, իհարկե, այդ անկլավի դեմ միջազգային բոլոր օրենքներից բխող հակաահաբեկչական գործողությունների, քանի դեռ ահաբեկիչները Ադրբեջան ահաբեկչական անկլավից չեն սկսել անցնել Ռուսաստան՝ ի դեպ, այդ անկլավի անձնագրերով: Թե՞ «մտահոգվելով», այսպես ասած, անկլավի մասին՝ Մոսկվան ինչ-որ առաջարկ է ուրվագծում Թուրքիային, ձեռք ձեռքի ավանդույթի շրջանակում՝ պայմանավորվել, որ ահաբեկիչները չեն անցնի Ռուսաստան, այլ կմնան «անկլավված»:

Թուրքիան, իհարկե, չի պահելու պայմանավորվածությունը, որովհետև համոզված է՝ Ռուսաստանը ունի լայն ստամոքս և պատրաստ է մարսել ամեն ինչ՝ Պերմյակով, օդանավ և օդաչու, Թուրքիայում դեսպան, հիմա ահաբեկիչներ Կովկասում: Համենայնդեպս, մինչ այժմ Ռուսաստանը համոզիչ ցույց է տվել մեծ ստամոքսի առկայությունը՝ վճռական կամքի և արժանապատվության փոխարեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ