Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Փաշինյանի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ, իրենց տեղեկություններով, ղարաբաղյան գոտում վարձկանների թիվը հասնում է 2000-ի: Լավրովը ասել է, որ ՌԴ նախագահ Պուտինն այդ մասին խոսել է հոկտեմբերի 27-ին Էրդողանի հետ հեռախոսազրույցում, նաև խոսում է Հայաստանի վարչապետի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներում:

Վարձկանների թեմայով ինչի՞ մասին է խոսում ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետի հետ, և ինչի մասին է խոսում Էրդողանի ու Ալիևի հետ այդ թեմայով: Բանն այն է, որ Հայաստանի հետ այդ թեմայով խոսելու, թերևս, մի բան կարող է լինել՝ ինչ աջակցություն կարող է ցուցաբերել Ռուսաստանը Հայաստանի զինված ուժերի հակաահաբեկչական պայքարին, որ իրականացվում է Արցախի պաշտպանական բանակի ձևաչափով: Հայաստանի հետ այդ թեմայով խոսելու այլ բան, թերևս, չկա, որովհետև այդ վարձկան-ահաբեկիչներին ռեգիոն է ներբեռնել Թուրքիան, Ադրբեջանը վերածել դրա ահաբեկչական որջի, ճամբարի, և փորձում է քաղաքական պայմաններ թելադրել արդեն ոչ միայն Արցախին ու Հայաստանին, այլևս Ռուսաստանին, Իրանին՝ նվազագույնը, դեռ չենք խոսում Եվրոպայի մասին:

Ավելին, հենց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այդ բնույթի խոսակցությամբ է, որ ՌԴ նախագահ Պուտինն արդեն, թերևս, այլ բնույթի խոսակցություն պետք է ունենա Էրդողանի և Ալիևի հետ: Ընդ որում, այստեղ հարկ է գուցե առանձնացնել՝ Էրդողանի, կամ Ալիևի հետ: Որովհետև ակնառու է, որ ահաբեկիչների հովանին Էրդողանն է, ինչպես ամբողջ պատերազմի հովանին:

Ըստ այդմ, Ալիևի հետ խոսելը դառնում է ավելորդ, կամ ավելորդ չէ միայն այն դեպքում, եթե այդ խոսակցության արդյունքում Ալիևը դադարում է լինել Էրդողանի գործիք և ահաբեկիչների որջ: Բոլոր դեպքերում, նրանցից որևէ մեկի հետ արդյունավետ խոսակցություն Ռուսաստանի նախագահը կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ արդյունավետ աջակցություն ցուցաբերվի հայկական զինուժի հակաահաբեկչական պայքարին: Թե որքան արդյունավետ կարող է լինել այդ աջակցությունը, մի կողմից, իհարկե, քննարկումների հարց է, մյուս կողմից, անշուշտ, բավականին հստակ է, որ Ռուսաստանն այդ իմաստով ունի ահռելի և գործնականում անսահմանափակ ներուժ:

Վերջին հաշվով, այստեղ խնդիրը բոլորովին Հայաստանին ու Արցախին պարզ օգնությունը չէ, այլ Ռուսաստանի կենսական շահերի պաշտպանությունը: Մեծ հաշվով, հայկական զինուժը, հայ զինվորը, սպան, կամավորականը, պաշտպանելով Արցախն ու Հայաստանը, ըստ էության կանգնած են հենց այդ կենսական շահի պաշտպանության դիրքում նաև: Ռուսաստանի խնդիրն է միանալ իր կենսական շահերի պաշտպանության գործին՝ իր ռեսուրսային աջակցության անսպառ ներուժով: Անսպառ, որովհետև՝ ինչպես հայությունն իր կենսական անվտանգության համար չի խնայում ոչինչ, այդպես էլ Ռուսաստանը չպետք է խնայի ոչինչ իր կենսական անվտանգության համար: Այլ կերպ ասած, այստեղ հայության իռացիոնալ ակնկալիքի հարց չէ, այլ հակառակը՝ Ռուսաստանից միանգամայն ռացիոնալ վարքագծի ակնկալիք, որը բացարձակապես նույնական չէ «մեզ համար գալ կռվելու» տրամաբանության հետ: Որևէ հայ չի ակնկալում, որ Ռուսաստանը գա և մեր փոխարեն կռվի Արցախի համար: Այդպիսի մեկնաբանությունը՝ թե կա նման ակնկալիք, ուղղակի վիրավորանք է Արցախի համար կռվի ելած տասնյակ հազար հայ զինվորների, սպաների, կամավորների հանդեպ:

Հայությունը ակնկալում է, որ Ռուսաստանը կկանգնի իր կենսական շահերի դիրքում, և դա ինքնին արդեն բավարար կլինի հակաահաբեկչական պայքարում հայկական ուժերի արդյունավետ աջակցության հարցը լուծելու համար: Այլապես, Էրդողանի կամ Ալիևի հետ ՌԴ նախագահի զրույցները չեն ունենալու որևէ արդյունք, համենայնդեպս արդյունք Ռուսաստանի շահերի տեսանկյունից: Սա, անկասկած, գիտակցում է ոչ միայն Երևանը, այլևս, իհարկե, Մոսկվան: Հարցն այն է, սակայն, որ խնդիրը լուծելու այսպես ասած ավանդական դիվանագիտական մոտեցումները չեն աշխատում ակնհայտորեն, ռեգիոնալ ռուսական ավանդական քաղաքականության անիվը խրվել մնացել է հենց թուրքական շանտաժի և ահաբեկության ռեգիոնալ ճահճում: Այդ իմաստով է, որ Մոսկվայից պահանջվում է արդեն ոչ ստանդարտ քայլեր և գործիքակազմ: Դա ամենևին չի նշանակում պատերազմի հայտարարում Թուրքիային կամ Ադրբեջանին: Բայց ստանդարտ քաղաքականությունից անցումը նոր փուլի, անհրաժեշտություն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ