«Ես լավ եմ, մի՛ եկեք». Արտակ Դեղոյանը վիրավոր ու արնաքամ վիճակում էլ շարունակել է կռվել մինչև վերջ

Ճակատ մեկնելիս Արտակը ժպիտով գնում էր հաղթանակի հետևից: Պատերազմի կրկնությունը բացառելը վերջին նպատակն էր, որի իրականացման համար Արտակ Դեղոյանը զոհասեղանին դրեց սեփական կյանքը: Առանց մեկ օր անգամ կորցնելու Արտակը համառել է, կամավորագրվել ու մեկնել ճակատ, թեև ընկերները չեն ցանկացել, որ Արտակը ճակատ մեկնի: Բայց Արտակն անդրդվելի էր: Արեց այնպես, ինչպես որոշել էր

Արտակի մտադրությունը հարազատներն անհանգստությամբ են ընդունել: Կարծել են՝ կրկին էմոցիաներն են գլուխ բարձրացրել:

«Ասացի՝ որոշել ես գնա՞լ, բա երեխեքիդ ո՞ւմ ես թողնում, ասաց՝ ճիշտ ես, երեք շառավիղ ունեմ: Իսկ ի՞նչ ասեն 18-20 տարեկան երեխեքը, որ ոչ մի բան չեն հասցրել անել: Ու ես հասկացա, որ այստեղ էմոցիա չկա: Ինքը գիտակցված է գնում այդ քայլին», — պատմում է Արտակ Դեղոյանի քույրը:

Ընկերը պատմում է, որ Արտակի ոգևորվածությունը հաճախ նույնիսկ վախեցնում էր: Միտքը հանգիստ չէր տալիս՝ միայն թե խենթություններ չանի: Վերջին խենթությունը փրկեց շատերի կյանքը:

«Մնացել էր, որ մոլորված զինծառայողներին օգնի: Երբ եկավ, բարկացա, վիճեցի հետը, ասացի՝ ես քեզ ասել էի, չէ՞, որ կողքիցս տեղ չգնաս, ասաց՝ ո՞նց կարող էի չօգնել, մոլորվել էին», — պատմում է Արտակ Դեղոյանի մարտական ընկերը:

Դեռ մանկուց Արտակը համառ էր, խենթ ու չարաճճի: Քույրը հիշում է միասին ճամբար գնալն ու Արտակի անկարգությունները, որի համար միշտ նախատել է եղբորը: Բանակում ծառայելու ընթացքում էլ հրամանատարների սիրելի զինվորներից է եղել՝ աշխույժ ու ճարպիկ: Ծառայակից ընկերն ասում է՝ ամեն տեղ արդարություն էր փնտրում: Սա Արտակի վերջին կռիվն էր՝ հանուն պատմական արդարության:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ