2019թ–ի հունվարի 1-ից ծայրահեղ աղքատ թոշակառուներ ու նպաստառուներ Հայաստանում չեն լինի։Օրեր առաջ հրապարակված այս տեղեկությունը հատկապես թոշակառուների շրջանում մեծ ոգևորություն ու սպասում է առաջացրել։ Բայց, պարզվում է` կառավարության որոշումը վերաբերում է ոչ բոլորին։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը։ «Բարձրանալու են միայն նվազագույն կենսաթոշակները, այսինքն` այն կենսաթոշակները, որոնք ցածր են պարենային (ծայրահեղ) աղքատության գծից»,– ասաց փոխնախարարը։
Նվազագույն շեմը կառավարությունը սահմանել է 25 500 դրամը, քանի որ կառավարության հաշվարկով, Հայաստանում գոյատևելու համար մարդուն նվազագույնը ամսական այսքան գումար է անհրաժեշտ։ Սմբատ Սաիյանի խոսքով` կառավարության նախաձեռնությունը տարածվելու է նվազագույն շեմից ցածր կենսաթոշակ ստացող 20-21 հազար թոշակառուների վրա։
Նրանք հիմնականում մինչև 10-12 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մարդիկ են, քանի որ գործող օրենքով, շուրջ 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող թոշակառուներն այժմ 24 000 դրամ կենսաթոշակ են ստանում։ «Այս պահին շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի համաձայն` բարձրանալու են միայն այն կենսաթոշակները, որոնք շատ ցածր են։ Դա նշանակում է, որ սահմանում ենք մի չափ, որից ցածր մարդը չի կարող ստանալ»,– ասաց Սաիյանը։
Կառավարության նախաձեռնությունից Հայաստանի շուրջ կես միլիոն թոշակառուներից կօգտվեն միայն 20 հազարը։ Բանն այն է, որ պաշտոնական տվյալներով, Հայաստանում 497 394 թոշակառու կա, որոնցից այսօր 25 500 դրամից ցածր կենսաթոշակ ստանում է միայն 20-21 հազար մարդ։ Հենց նրանք էլ, փաստորեն, օգտվելու են կառավարության հայտարարած թոշակների բարձրացումից։ Բացի այդ 2019 թվականի հունիսի 1-ից կառավարությունը մտադիր է ավելացնել նաև նպաստները։
Ինչպես հայտնեց Սմբատ Սաիյանը, այս նախաձեռնությունը ևս արդեն շրջանառում է կառավարությունում և առաջիկայում կընդունվի կառավարության նիստում։ Որոշման նախագծի համաձայն` Հայաստանում նպաստները ևս կավելանան նույն սկզբունքով։ 25 500 դրամից ցածր բոլոր նպաստները կհասցվեն այդ նվազագույն չափին։ Նախաձեռնությունը կտարածվի շուրջ 64 000 նպաստառուի վրա։ Կառավարությունում արդեն հաշվարկել են` բոլոր այս ավելացումները 2019թ–ի բյուջեի ծախսերը կավելացնեն 6.1 մլրդ դրամով։
«Բոլոր այդ հաշվարկներն արված են։ Եվ այդ ծանրաբեռնվածությունը, այսպես ասեմ, տանելի է լինելու։ Գումարներն արդեն նախատեսված են 2019թ.–ի բյուջեի նախագծով»,– ասաց Սմբատ Սաիյանը։ Համաձայն 2017 թվականի դեկտեմբերին լույս տեսած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական հրապարակման` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը Հայաստանում 2016 թվականին կազմել է 23 313 դրամ:
Յուրաքանչյուր տարի 3 տոկոս գնաճ հաշվարկելու դեպքում 2019 թվականին այդ ցուցանիշը կկազմի 25 500 դրամ, ինչն էլ հիմք է հանդիսացել կառավարության հիշյալ նախաձեռնությունների համար։ Հիշեցնենք`Հայաստանում վերջին անգամ կենսաթոշակներն ավելացել են 2015թ.–ի հունվարի 1-ին` 2000 դրամով։ Այդ օրվանից հիմնական կենսաթոշակը Հայաստանում կազմում է 16 000 դրամ, ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքը առաջին 10 տարվա համար սահմանվել է 800 դրամ, 11-ից ավելի յուրաքանչյուր տարվա համար` 500 դրամ: