Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց, գրում է ria.ru-ն։

«Ինչպես Ֆրանսիայում կոչ են անում չգնել թուրքական ապրանքները, այնպես էլ ես հիմա դիմում եմ իմ ժողովրդին. ոչ մի դեպքում ֆրանսիական արտադրողների ապրանքներ մի գնեք»,- ասել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում։

Նա համաշխարհային հանրությանը կոչ է արել «պաշտպանել Ֆրանսիայի մահմեդականներին, որոնք հալածանքների են ենթարկվում իրենց հավատքի համար»:

«Դուք (Ֆրանսիա – խմբ.) նացիզմի մի մասն եք։ Նա, ով գտնվում է Ֆրանսիայի ղեկին և հոգեկանի բուժման կարիք ունի, սկսել է խրախուսել մուսուլմանների վրա հարձակումները»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ օրերս Էրդողանը քննադատել էր Մակրոնին Ֆրանսիայի մահմեդական փոքրամասնության նկատմամբ վարած քաղաքականության առնչությամբ՝ ասելով, թե Մակրոնը «պետք է ստուգի հոգեկան վիճակը»։ Դրանից հետո Ֆրանսիան որոշել էր խորհրդակցությունների համար հետ կանչել Անկարայում իր դեսպանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ