«Սա էլ մեր պատասխանն է․..». Վահրամ Պողսյանը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում այսօր տեղի ունեցած պսակադրության մասին

Սա էլ մեր պատասխանն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը և տեղադրել այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցած պսակադրությունից լուսանկար։

Արցախի ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչություն լրատվության արտադրության բաժին պետ Էդգար Բարսեղյանն էլ նույն հարսանիքի լուսանկարներն է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել․ «Ասք այն մասին, թե ինչպես Հովհաննեսն ու Մարիամը իրականացրին բառիս բուն իմաստով «Հարսանիք լեռներում» օպերացիան։ Բարով գնաս, Հովիկ ջան, հաղթանակած վերադառնաս։ Մարիամ ջան, քեզ էլ համբերություն։ Նոր հերոսներ ենք սպասում ձեր, մեր բոլորիս նոր ընտանիքից»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 206 անօդաչու թռչող սարք, 588 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6539 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 927 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ