Սեյրան Օհանյանը, որ 2008 մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը, հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին: Սեյրան Օհանյանը, հիշեցնենք` մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրվում է 2008թ. սահմանադրական կարգը տապալելու համար:
Բնականաբար, նա հայտարարել է, թե չի ընդունում առաջադրված մեղադրանքները, որակել այն «սահմանադրության նկատմամբ ոտնձգություն», «իրավագիտորեն ոչինչ չասող»:
Օհանյանը հայտարարության մեջ տեղեկացրել է, որ դեկտեմբերի 20-ին իրեն արգելել են դուրս գալ երկրից` խոչընդոտելով ազատ տեղաշարժի իրավունքը, իսկ արդեն դեկտեմբերի 26-ին մեղադրանք առաջադրել:
Այսքանից հետո Օհանյանը ուշագրավ ակնարկ է հնչեցրել. «Տպավորություն ունեմ, որ կան ընդհատակյա գործիչներ, որոնք, տիրապետելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների, խաղալով ժողովրդի զգացմունքների հետ, «Մարտի 1»-ի ողբերգությունը եւ զոհերի հիշատակը օգտագործում են իրենց իսկ դավադիր եւ հեռահար, անհայտ նպատակների համար»։ Թե ովքեր են «ընդհատակյա գործիչները», Սեյրան Օհանյանը չի մասնավորեցրել: