Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը․ կա մեկ վիրավոր․ ԱԻՊԾ

Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Վիճակն ըստ բժիշկների` բավարար է։ Կան նաև նյութական մեծ վնասներ»,- ասված է հայտարարության մեջ։

Այսօր՝ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հարձակվողական գործողությունները ռազմաճակատի ողջ երկայնքով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Բացի ռազմաճակատում տիրող մարտական գործողություններից՝ նաև օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրեր, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը՝ հարակից բնակավայրերով, և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով: Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան»,- նշեց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը շեշտեց, որ մեր հաջողությունները հաստատուն են, պատերազմը լարված է, պատերազմը ծանր է: Մեր զինված ուժերը լիովին տիրապետում են իրավիճակին։

«Գրեթե լիովին մաքրվել է ադրբեջանցիներից Շեխեր բնակավայրը իր հարակից անտառներով, որոշ տեղերում, որոշ բնակավայրերի հարակից անտառներում դեռ չեզոքացման աշխատանքները շարունակվում են»,- հավելեց նա։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •