Հունաստանի ծովային ուժերը տագնապի նարնջագույն կոդ են արձակել, որով ուղերձ են հղել Էգեյան ծովում փոքր մի շարք կղզյակների մոտ կայանած ռազմանավերին և հրամայել պատրաստ վիճակում սպասել Թուրքիայի կողմից թշնամական հնարավոր գործողությունների:
Հունաստանի զինված ուժերի պաշտոնատար անձինք «Ամերիկայի Ձայն»-ին տեղեկացրել են, որ հունական ռազմական նավերը շրջափակել են Կաստելորիզո կղզին ու նրան հարակից անմարդաբնակ մի շարք կղզիներ, պաշտպանելու համար հունական պատկանելության տակ գտնվող այս տարածքները: Թուրքիան այս ամսվա սկզբին նորից այստեղ ուղարկեց «Օրուչ Ռեիս» հետախուզական նավը, որն առաջին անգամ այստեղ ուղարկվելուց հետո երկու երկրներին կանգնեցրել էր պատերազմի պռնկի առջև:
ԱՄՆ-ի ու Եվրոպական միության պաշտոնատար անձինք այդ օրերից ի վեր փորձում են երկու կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ: Թուրքական հետախուզական նավը ներկա պահին գտնվում է Կաստելորիզո կղզուց միայն 14 կիլոմետր հեռավորության վրա: Մինչ այդ, թուրքական որևէ նավ այսքան չէր մոտեցել հունական որևէ կղզու: Նավը, որը ըստ թուրքական կողմի, իրականացնում է հետազոտական աշխատանքներ, գործում է թուրքական ռազմանավերերի ու սուզանավերի վերահսկողության ներքո:
Այստեղ է գտնվում հունական ավելի քան 60 նավ:
Անկարան պնդում է, որ այս տարածքը գտնվում է իր կողմից գազի ու նավթի պաշարների հետազոտություններ անցկացնելու իրավասության շրջանակներում: Հունաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացնում են, որ Հունաստանի ինքնիշխանության որևէ ոտնահարում կարժանանա ռազմական ուժերի կողմից պատասխանի:
ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանի ու Թուրքիայի միջեւ արդեն երկար ժամանակ են շարունակվում ընդերքի բնական պաշարների ու ծովային տարածքների պատկանելության շուրջ տարաձայնությունները:
Աթենքը ներկայումս փորձում է համոզել Եվրոպական միությանը, որ այն դադարեցնի զենքերի վաճառքը Թուրքիային: Այն պահանջում է նաև կիրառել պատժամիջոցներ ընդդեմ Անկարայի, ինչին դեմ են հանդես գալիս Գերմանիան ու մի քանի այլ երկրներ: