Թե՛ պահեստազորը, թե՛ կամավորները աջակցող ֆունկցիա ունեն, հիմնական ծանրությունը կրում է կանոնավոր բանակը

«Սփյուռքից եկած մեր հայրենակիցները, ովքեր ՀՀ քաղաքացի չեն, օրենքով մենք իրենց չենք կարող զինվորագրել։ Չնայած ես ունեմ օրինակներ, ովքեր կամավոր գնացել են, բայց, որպես կանոն, իրենց հետ ենք դարձնում, որովհետև խնդիր կա, պետք է Հայաստանի քաղաքացի լինել, ավելին՝ պետք է զինապարտ լինեն՝ գումարած տարիքային սահմանափակումը»,- տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Կամավորագրվելու վարչապետի կոչի մասին հարցին ի պատասխան՝ ՊՆ ներկայացուցիչը հստակեցրեց՝ մարտական գործողությունների ծանրությունը կամավորների, նույնիսկ պահեստազորի վրա չի ընկնում, այն մնում է բանակի վրա։

«Թե՛ պահեստազորը, թե՛ կամավորները օգնող, աջակցող, լրացնող ֆունկցիա ունեն, միևնույն է, հիմնական ծանրությունը կրում է կանոնավոր բանակը»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Առաջնագծում բժիշկները շատ ծանր աշխատանք են տանում՝ մեր սպիտակ բանակի պայքարի մասին խոսելիս նշեց Հովհաննիսյանը։

«Մանավանդ բեկորային վիրավորումները շատ են։ Հաճախ բժիշկները հայտնվում են կրակի տակ, հարվածի են ենթարկվում նաև բժշկական մեքենաները։ Այնպես որ, շատ դժվար աշխատանք են տանում, ու փառք նրանց»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ