Թուրքիան ու Ադրբեջանը ոչնչացնում են Եվրոպայի խորհուրդը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը խոսել է Արցախում մարդու իրավունքների խնդրի առաջին պլան գալու մասին: Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն, օրինակ, համարում է, որ դրանք լոկ խոսքեր են, որովհետև գլխավոր քարտուղարը մեկ տարի է, ինչ այդ պաշտոնին է և գործնականում մեկ տարի առաջ խոսել է այդ թեմայով, սակայն չի արել ոչինչ: Մեղմ ասած, դժվար է չհամաձայնել Արտակ Բեգլարյանի հետ:

Եվրոպայի խորհուրդը Արցախում տապալվել է լիակատար և ամենևին՝ ոչ նոր: Տապալվել է այն պահից սկսած, երբ Ադրբեջանը դարձել է ԵԽ անդամ, սակայն բացարձակապես թույլ չի տվել ԵԽ մուտքը Արցախ՝ մարդու իրավունքների թեմայով: Արցախում մարդու իրավունքները միջազգային քաղաքակրթական համակարգի համատեքստում Բաքուն ոտնահարել և ոտնահարում է անընդհատ, արդեն երկու տասնամյակ և ավելի՝ լինելով ԵԽ անդամ: Եվրոպայի խորհուրդը այդ կապակցությամբ չի արել ոչինչ, որը թույլ կտար համարելու, որ կառույցի համար իսկապես առաջնային են այն արժեքներն ու արժեհամակարգային դավանանքը, որ ընկած են հիմքում:

Դժբախտաբար, Արցախի դեմ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմի մի շարք անուղղակի նպատակների թվում է նաև Եվրոպայի խորհրդի վարկաբեկումը, ինչը Անկարայի ու Բաքվի համար ստացվում է լիուլի: Մարիա Պեյչինովիչ Բուրիչը արդեն պետք է լիներ Ստեփանակերտում, պետք է լիներ Շուշիի գնդակոծված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում: Մենք չենք ասում լիներ Արցախի սահմանամերձ բնակավայրերում գնդակոծվող քաղաքացիների կողքին, բայց Ստեփանակերտում ու Շուշիում՝ ցույց տալու համար, որ Եվրոպայի խորհուրդը կա: Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պետք է լիներ Երևանում ապաստանած արցախահայերի կողքին, իրենց տներից տեղահանված և Հայաստանի տարբեր հատվածներում պատսպարված արցախցի մանուկների կողքին, որպեսզի ցույց տար, որ Եվրոպայի խորհուրդը կա և Թուրքիային ու Ադրբեջանին չի հաջողվում և հաջողվի դե ֆակտո վերացնել այն կամ խաղալ դրա հեղինակության հետ:

Հակառակ պարագայում անկասկած է դառնում այն, որ տեղի է ունենում եվրոպական արժեհամակարգի և քաղաքակրթության փլուզում, հատկապես այն պարագայում, երբ դրա անվիճելի առաջատար Գերմանիան արգելակում է ԵՄ ու ԵԽ պաշտոնական ներկայացվածության տարածքում բարբարոսությամբ զբաղված Թուրքիայի հանդեպ պատժամիջոցի քննարկման ու կիրառման հեռանկարը, որովհետև ավելի բարձր են դասվում ոչ թե մարդուն առնչվող արժեքները, այլ քաղաքական շահերը:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ