Էդմոն Մարուքյանը տեղյակ չի եղել, թե իր խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ինչ ելույթ է ունենալու այսօր խորհրդարանում։
«Ոչ ծանոթ էի այդ ելույթի բովանդակությանը, ոչ էլ կարող էի կանխատեսել, թե ինչ կարող է լինել»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ այն ինչ այսօր ասաց Արման Բաբաջանյանը, հրապարակվել է մամուլում, և նա ներկայացրել է մամուլում հրապարակված փաստերը։
Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ դեսպանների աշխատանքին և նշեց, որ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը դեսպանատունը ծառայեցրել է Ռուսաստանի Դաշնության շահերին, ինչը շտապեց հերքել ժամանակին Մանուկյանի հետ աշխատած ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։
«Պետք չի դա ընդունել անձնական ինչ-որ բան, խոսքը գնում է նախկին իշխանությունների վարած քաղաքականության մասին․ ի՞նչ է, մենք կարող էինք Վրաստանի դեսպանից խոսել, իսկ Ուկրաինայի դեսպանի մասին լռե՞լ»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ շեշտելով․ «Չենք եկել անձնական պատերազմներ մղելու»։