Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել Է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին

Թեհրանը և Մոսկվան համագործակցում են իրանական օդուժի զարգացման հարցում, երկրների միջև համապատասխան համաձայնություններն արդեն ձեռք են բերվել: Հոկտեմբերի 19-ին այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք Ռուսաստանի հետ կարևոր համաձայնություններ ունենք (իրանական) ռազմաօդային ուժերի զարգացման նպատակով»,- մեջբերում է անում նրա խոսքից ISNA գործակալությունը:

Նախարարը հավելել է, որ (Թեհրանի նկատմամբ) զինական բռնարգելքի վերացումից հետո նոր փուլում Իրանը «ռազմական (համագործակցության) համաձայնագրեր ունի Չինաստանի և ՌԴ-ի հետ»: Ըստ որում՝ զինվորականը նշել է, որ «Իրանը ոչ մի դեպքում սպառազինությունների մրցավազք չի ցանկանում, որը տարածաշրջանը կվերածի վառոդի տակառի»: «Մենք պատրաստ ենք ստորագրելու ռազմական համաձայնագրեր Պարսից ծոցի երկրների հետ՝ տարածաշրջանային կայունության հաստատման նպատակով»,- ասել է նա:

Իրանին սովորական սպառազինությունների մատակարարումների, ինչպես նաև այդ երկրից դրանց արտահանման բռնարգելքի ժամկետը լրացել է հոկտեմբերի 18-ին: Այդ օրը լրացել է ուղիղ հինգ տարի իրանական միջուկային ծրագրի շուրջն իրադրության կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) ուժի մեջ մտնելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից դրան հավանություն տրված թիվ 2231 բանաձևի ընդունման պահից, որոնցով սահմանվել էր սահմանափակումների համապատասխան ժամկետ: Իրանի նկատմամբ զինական բռնագրելքի վերացման դեմ վերջին մի քանի ամսվա ընթացքում հանդես է եկել ԱՄՆ-ն:

Սեպտեմբերի 21-ին Վաշինգտոնը սահմանել է սեփական պատժամիջոցները Թեհրանին զենքի վաճառքի համար: Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր նրանց նկատմամբ սահմանափակիչ միջոցների մասին, ովքեր մասնակից կլինեն Իրանին «միջուկային տեխնոլոգիաների, բալիստիկ հրթիռների (արտադրության) տեխնոլոգիաների և սովորական սպառազինությունների» մատակարարումներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ