«Մեկ մահճակալ, մեկ թթվածնային սարք զբաղեցնելն այս օրերին անթույլատրելի է»․ Բաբլոյանի կոչը

ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանը ռազմական ու բժշկական ճակատներն ամուր պահելու կոչ է արել։

«Սիրելի՛ հայրենակիցներ, մեր հայրենիքի համար վճռական այս օրերին, երբ մեր զինվորներն իրենց կյանքն են զոհաբերում՝ հանուն հայրենի հողի և մեր լինելիության, մենք պարզապես իրավունք չունենք թուլացնել մեր երկրորդ կարևոր ճակատը՝ առողջապահականը:

Խնդրում եմ, թո՛ւյլ տվեք ասել նաև՝ պահանջում եմ, խստորեն պահպանեք հակահամաճարակային կանոնները, գնահատե՛ք Ձեր պատասխանատվության աստիճանն այս հարցում՝ ընդունելով, որ վիրավորներով գերծանրաբեռնված բժշկական կենտրոններում մեկ մահճակալ, մեկ թթվածնային սարք զբաղեցնելն այս օրերին ոչ միայն անցանկալի, այլև պարզապես անթույլատրելի է:

Թո՛ւյլ տվեք բժիշկներին կենտրոնանալ առավելապես մեր քաջարի զավակների կյանքերը փրկելու, նրանց առողջությունը վերականգնելու անգնահատելի գործին:

Կրկնում եմ, զգացեք յուրաքանչյուրիդ պատասխանատվությունը՝ կորոնավիրուսային չարաբաստիկ վարակի տարածումը կանխարգելելու գործում, պահե՛ք սոցիալական հեռավորություն, կրե՛ք դիմակ, հաճախակի ախտահանեք ձեռքերը և պահանջեք նույնը ձեր կողքիններից:

Այսօր մեր վարքագիծն առավել քան կարևոր է՝ չթուլացնելու, հաղթանակած պահելու համար մեր ռազմական ու բժշկական ճակատները»,-ասված է կոչում:

 336 դիտում,  240 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •