Հենրիխ Մխիթարյանի համառ պայքարն ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երեկ միացավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանների կոչին՝ ուղղված կազմակերպության գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին։

Հայ գործիչները ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի հարակից կառույցներին և այլ բարի կամքի դեսպանների կոչ են անում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնամասշտաբ ռազմական հարձակման այս օրերին չլռել, կատարել համարձակ քայլեր՝ փրկելով մարդկանց կյանքեր, որոնք դառնում են անողոք արյունահեղության զոհեր: Նշենք, որ Մխիթարյանն այն մարզիկն է, որ տարիներ շարունակ համառ պայքար է մղում ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի և հռետորաբանության։

Դեռևս հուլիսյան պատերազմի ժամանակ Ֆուտբոլի Մխիթարյանը օրեր հանդես էր եկել ազգային ոգին բարձր պահելու հերթական նախաձեռնությամբ։ Մասնավորապես, մեր ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի՝ իր անվանական մարզաշապիկներ նվիրաբերել էր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված հայ զինծառայողներին:

«Խոնարհվում եմ ձեր խիզախ կեցվածքի առջև, շնորհակալ եմ, որ անսասան կանգնած եք և պաշտպանում եք մեր հայրենիքի սահմանները»,- զինծառայողներին ուղղված իր նամակում նշել էր Հենրիխ Մխիթարյանը:

Հանրահայտ ֆուտբոլիստի՝ իր հայրենիքի կողքին կանգնելու հերթական քայլերը հերթական հիստերիայի ալիքն է բարձրացրել Ադրբեջանում։ Մասնավորապես, էժանագին սադրանքի դիմելով՝ ադրբեջանական մամուլը Մխիթարյանին մեղադրում է ֆուտբոլը քաղաքականացնելու մեջ։ Պատեհ չհամարելով անդրադառնալ ադրբեջանական հրապարակումներին՝ այնուամենայնիվ հարկ ենք համարում կատարելու մի քանի դիտարկում։

Մասնավորապես, Ադրբեջանում այդպես էլ չհասկացան, որ մեր ժողովրդի միասնականությունն ուղղակի անկասելի է։ Չհասկացան, որ ֆուտբոլիստ թե երգիչ, բանվոր թե գործարար՝ դժվարին իրավիճակներում դառնում է մեկ ամբողջություն։ Չհասկացան, որ անկախ զբաղեցրած պաշտոնից և քաղաքական հայացքներից, անկախ հայտնիության աստիճակից՝ բոլորը մեկ մարդու պես հայտնվում են մեկ «խրամատում»։ Բնական է, Ադրբեջանի համար խորթ են նման դրսևորումները։

Դեռևս 2017 թվականի փետրվարին Մխիթարյանը հարցազրույց էր տվել հեղինակավոր BBC հեռուստաընկերությանը, որը մեծ արձագանք էր ստացել։ «Երբ ապրում էի Հայաստանում, շատ խնդիրներ ունեինք հարևան Ադրբեջանի հետ: Պատերազմ էր, և այդ վատ իրավիճակը շարունակվում է մինչ օրս։ Հայաստանում ֆուտբոլիստ դառնալն ու արտասահման մեկնելը շատ դժվար էր: Դրա համար անհրաժեշտ էր ծառայել բանակում: 20 տարեկանում ծառայեցի բանակում, որից հետո թույլ տվեցին մեկնել արտասահման՝ խաղալու»,- ասել էր Մխիթարյանը:

Հարցազրույցից ժամեր անց Ադրբեջանում իրական հիստերիա էր սկսվել: Այս երկրի հեղինակավոր լրատվամիջոցներ նյութեր հրապարակեցին՝ «Մխիթարյանը կռվել է Ադրբեջանի դեմ» վերնագրով, որոնք, բացի աբսուրդային լինելուց, պարզապես ծիծաղ էին առաջացրել:

Որպեսզի Ադրբեջանի որդեգրած ճղճիմ գործելաոճը ավելի պարզ լինի, բերենք ևս մեկ հայտնի օրինակ։ Կրկին 2017 թվականին «Իդման-Ադրբեջան» հեռուստաալիքի սպորտային մեկնաբան Թառլան Շահինօղլուն աշխատանքից ազատվել էր այն ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդում» ելույթ ունեցող Հենրիխ Մխիթարյանին գովելու պատճառով: Հեռուստաալիքի ղեկավարությանը դուր չէր եկել Շահինօղլուի գրառումը ֆեյսբուքյան էջում, որում նա նշել է անգլիական պրեմիեր լիգայում Մխիթարյանի լավ խաղը: Սպորտային մեկնաբանը հաստատել էր աշխատանքից ազատման լուրը՝ նշելով, որ դա կապված չէ սոցցանցում արված գրառման հետ: «Իդման-Ադրբեջան»-ի ղեկավարները պահանջել էին, որ Շահինօղլուն հրապարակավ ներողություն խնդրի գրառման համար:

Ավելին, տևական ժամանակ հեռուստաալիքի տնօրինությունը ուղղակի զրկել էր Շահինօղլուին ֆուտբոլային հանդիպումները մեկնաբանելու հնարավորությունից: Երբ մեկնաբանը կտրականապես հրաժարվել է ներողություն խնդրել, նրան հեռացրել են աշխատանքից: Այնուհետև ադրբեջանցի «հայրենասերները» նրա հասցեին լուրջ սպառնալիքներ էին հնչեցնում: «Որքա՞ն է վարկանիշդ հրապարակումիցդ հետո, երիտասարդ: Դու դեռ Ադրբեջանո՞ւմ ես: Քեզ նման դավաճաններին պետք է մատաղ անենք հայկական եկեղեցում»,- Ֆեյսբուքում գրել է հասարակական ակտիվիստ Սաֆիար Բագիրովը:

Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են։ Այսօր թերևս կարող ենք արձանագրել, որ Մխիթարյանը, ազգային ոգին բարձր պահելուց զատ, հերթական ցավոտ ապտակը հասցրեց Ադրբեջանին:

 411 դիտում,  36 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •