Արցախում խաղաղություն կարող է լինել Ռուսաստանի լուրջ միջամտության արդյունքում. կիպրահայ պատգամավոր

Կիպրոսի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանի խոսքով` Կիպրոսը միշտ էլ շատ դրական է տրամադրված եղել հայերի, Հայաստանի նկատմամբ, բայց ինչպես հայտնի է` այն էլ փոքր երկիր է` իր խնդիրներով և թշնամիով, որը մեր դեպքում նույնն է` Թուրքիան է:

Նա Tert.am-ի հետ զրույցում, սակայն, նկատեց, որ այս ամենով հանդերձ՝ այստեղի բոլոր կուսակցություններից ինքը տարբեր տեսակի աջակցություն է ստանում Հայաստանին և Արցախին օգնելու հարցում:

«Լեռնային Ղարաբաղում սկսված պատերազմի օրերին Կիպրոսի խորհրդարանը Ադրբեջանի ագրեսիան մերժող բանաձև ընդունեց` դատապարտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ձեռք բերված համաձայնությունների, բազմամյա հրադադարի ռեժիմի խախտումներն Ադրբեջանի կողմից: Դատապարտեց նաև Սիրիայից դեպի Արցախի սահման վարձկանների տեղափոխումը Թուրքիայի կողմից, Արցախում քաղաքացիական օբյեկտների, խաղաղ բնակիչների թիրախավորումը և այլն: Նաև կոչ արվեց վերադառնալ խաղաղ բանակցություններին և այն դիրքերին, որոնք կային մինչ զինադադարը խախտելը: Բանաձևում նշվում էր, որ Կիպրոսը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող խաղաղ գործընթացը»,- հիշատակեց նա:

Վարդգես Մահտեսյանը նաև նշեց, որ կիպրահայ համայնքն էլ անմասն չի մնացել արցախցիներին օժանդակելուց. փորձել են օգնել թե՛ բողոքի ակցիաներ կազմակերպելով, թե՛ դրամահավաք նախաձեռնելով:

«Դժբախտաբար, Ադրբեջանը և Թուրքիան շատ խորամանկորեն ընտրեցին Արցախի վրա հարձակման ժամանակը. տարբեր երկրներ իրենց խնդիրներն ու օրակարգերն ունեն, շատերը զբաղված են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարով, Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններ են: Ես սա նմանեցնում եմ 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: Այդ ժամանակն էլ Թուրքիան հենց այնպես չընտրեց. ուժերը զբաղված էին Առաջին համաշխարհային պատերազմով»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, թե Հայաստանն արդյոք կարող է ներգրավվել հակաթուրքական դաշինքներում, ինչպես Կիպրոսի դեպքում է, Վարդգես Մահտեսյանը նախ նկատեց, որ անկախությունից հետո քաղաքական դիվանագիտության ոլորտում Հայաստանը փոքր-ինչ թույլ էր, իսկ Ադրբեջանն այս ընթացքում իր նավթային դոլարներով, կաշառքով որոշ հաջողությունների հասավ:

«Դրա համար է, որ հիմա շատ երկրներ ձեռնպահ են մնում մեզ բացահայտորեն աջակցելուց, բայց հիմա էլ ուշ չէ իրավիճակը փոխելու համար: Այս պատերազմի ժամանակ մեր տված երիտասարդ զոհերի մասին մտածելիս մենք պետք է համախմբվենք մեզ սատարող երկրների հետ, ամեն տեսակի ճնշում պետք է գործադրենք` լինի Ռուսաստանի, լինի ԱՄՆ-ի, թե Ֆրանսիայի վրա»,- ասաց նա:

Այս համատեքստում նա մատնանշեց, որ իրենք էլ իրենց հույն գործընկերների վրա են փորձում ամեն տեսակի ճնշում գործադրել, որ սատարեն Հայաստանին: «Մեր նախագահը Բրյուսել գնաց հանդիպումների, նրա հետ էլ հանդիպեցի, խնդրեցի, որ Արցախի թեման այնտեղ բարձրացնի»,- ասաց նա՝ նշելով, որ ամեն դեպքում, ըստ նրա, հայերի գործը դժվար է. թուրքը բարդ թշնամի է:

Վարդգես Մահտեսյանը նաև նկատեց, որ Թուրքիան, հատկապես ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը շատ ըմբոստ քաղաքական գիծ է ընտրել, ոչ մեկին չի լսում և անօրինություններ է անում:

«Բոլորը դատապարտում են, բայց թե դա որքանով է ազդեցիկ, չեմ կարող ասել: Շատ մեծ շահեր կան, նավթի, գազ, ծովային սահմանների հարցեր կան: Իսկ Էրդողանը երկրի ներսում շատ խնդիրներ ունի, արտաքին ճակատում իր արարքներն էլ որպես առիթ է օգտագործում: Շատ տեղերում` Սիրիայում, Լիբիայում, հունական կղզիների դեպքում մեծ հաջողություններ չարձանագրեց, հիմա էլ փորձում է փոքր Արցախում իր ուժերը, հույս ունի, որ հաջողություն կունենա և իր երկրում իր հեղինակությունը կբարձրացնի»,- ասաց նա:

Կիպրահայ պատգամավորը նշեց, որ ինքը արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ գաղափարներ ունի, բայց ներկայումս նախընտրում է դրանց մասին չխոսել: «Աղոթում ենք, որ այս պատերազմը շուտով և նվազագույն զոհերով ու վիրավորներով ավարտվի: Դրանից հետո ես իմ առաջարկները կներկայացնեմ և’ Հայաստանի, և’ Արցախի իշխանություններին»,- ասաց նա:

Նրա պատկերացմամբ՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման գործում կարող է շատ մեծ դեր խաղալ Ռուսաստանը: «Եթե Ռուսաստանը միջամտի, խաղաղություն կլինի: Սա իր տարածաշրջանն է: ԱՄՆ-ն իր ներքին հարցերով է զբաղված, նրանցից շատ ակնկալիքներ չկան: Վստահաբար խաղաղություն կարող է լինել Ռուսաստանի լուրջ միջամտության արդյունքում,- ասաց նա` նշելով, որ մինչ այս պահը այդ լուրջ ցանկության ականատեսն ինքը չի եղել,- շատ են խոսում, որ պետք է խաղաղ գործընթաց լինի, բայց եթե Ռուսաստանը շատ ցանկանա, որ խաղաղություն լինի, կարող է միջամտել և խաղաղություն հաստատել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ