ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով հանրությանն առավել հայտնի է Շմայս անունով, Հայաստանում է և չի պատրաստվում լքել հայրենիքը։Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց հենց ինքը՝ Առաքել Մովսիսյանը:
Թե ինչն է նման լուրերի տարածման պատճառը, նախկին պատգամավորը հետևյալ կերպ մեկնաբանեց․ «Երևի շատ են սիրում, դրա համար»։
Անդրադառնալով պատճառաբանություններին, թե Մովսիսյանը Հայաստանում 1,5 մլն դոլարի վարկ ունի, որը փակելու համար վաճառքի էր հանել իրեն պատկանող շուկան և հարսանյաց սրահը, որոնք այդպես էլ չվաճառվեցին և չի բացառվում, որ ԱՄՆ է մեկնել հենց այդ վարկային պարտավորություններից խուսափելու համար, Մովսիսյանը նկատեց․
«Հայաստանում ո՞վ վարկ չունի, որ ես չունենամ։ Վարկի համար հո չե՞ն թողնում- գնում, վարկ ա, փակում ենք էլի, ի՞նչ ա եղել։ Մեր հայրենիքից լավ տե՞ղ։ Ես ոնց կամ՝ տենց կամ, ոչ մի բան էլ չի փոխվել, իմ առօրյա կյանքով ապրում եմ»,- ասաց Մովսիսիյանը՝ նշելով, որ ինքն այստեղից այլ տեղ գնալու խնդիր չունի և շարունակում է զբաղվել բիզնես գործունեությամբ։