Ռուսաստանը հանեց նավերը. Բաքուն պարուրող ռազմական կորը


Ռուսաստանը հայտարարել է Կասպիական նավատորմի զորավարժության մասին՝ հայտնելով, որ դա տեղի է ունենում Հարավային ռազմական օկրուգի օդուժի հետ գործակցվածության մեխանիզմով: Դա հետաքրքիր ձևակերպում է, եթե նկատի առնենք այն, որ ՌԴ հարավային ռազմական օկրուգի մեջ է նաև Հայաստանում ՌԴ ռազմակայանը, իսկ այդ ռազմակայանի մեջ է նաև այդ կարգավիճակն ունեցող «Էրեբունի» օդանավակայանը, որտեղ բազավորված են ռուսական ռազմական կործանիչներ:

Ըստ այդմ, Կասպիական նավատորմի և ՌԴ հարավային ռազմական օկրուգի օդուժի գործակցված զորավարժությունն ու թիրախների խոցման գործողությունները առանձնահատուկ իմաստ են ստանում Արցախում հրահրված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմի ֆոնին, հաշվի առնելով նաև, որ այդ պատերազմը այլ բան չէ, քան Ռուսաստանի համար կենսական ռեգիոն համարվող Կովկասում թուրքական ագրեսիվ հավակնությունների պարտադրման փորձ: Ներկայումս անկասկած ընթանում են քաղաքական ինտենսիվ քննարկումներ ամենատարբեր ձևաչափերով, այդ թվում, իհարկե, առանցքայինը՝ ռուս-թուրքական: Հատկանշական է, որ Կասպիական զորավարժությունը տեղի է ունենում Էրդողանի՝ Պուտինին զանգից և պատերազմից ի վեր դրա 18-րդ օրը տեղի ունեցած առաջին խոսակցությունից հետո:

Ինչպիսի խոսակցություն է եղել, որ Ռուսաստանը երկու օր անց որոշում է ուժի ցուցադրություն անել Կասպիցից մինչև Հարավային ռազմական օկրուգի օդուժ Ադրբեջանը «պարուրող» բավականին մեծ կորով: Ի դեպ, այդ համատեքստում, թերևս, արժե հիշել նաև, որ ադրբեջանական պաշտոնական պրոպագանդան դեռևս 2016-ից հետո պարբերաբար անհանգստություն ու մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ռուսաստանը որոշում էր կայացրել Կասպիական տարբեր նավահանգիստներում «ցրված» իր նավատորմը բազավորել Կայսպիսկում կառուցվող նոր, մեծ և արդիական, հարվածային ավելի մեծ կարողություններով նավատորմային բազայում, դե ֆակտո մոտեցնելով այն Ապշերոնին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ