Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև

Երեկ Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև:

Այն մասնավորապես նշում է, որ հոկտեմբերի 12-ին ձեռք բերված հրադադարը խախտվել է Ստեփանակերտի ռմբակոծությամբ Ադրբեջանի կողմից: Շեշտում է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում ոչ ռազմական օբյեկտներ, որի պատճառով ամենից շատ տուժում է Արցախի խաղաղ բնակչությունը:

Բանաձևում ասվում է, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական հետաքրքրություններն ապակայունացնում են տարածաշրջանը: Այն անդրադառնում է նաև Թուրքիայի իշխանությունների կողմից Արցախի դեմ կռվելու համար սիրիացի ահաբեկիչ վարձկանների օգտագործմանը:

Ֆլամանական խորհրդարանի բանաձևի նախաբանում հանգամանալից կերպով ներկայացվում է ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը՝ նշելով հետևյալը.

1923-ին գերազանցապես հայերով բնակեցված Լեռային Ղարաբաղն ընդգրկվել է Սովետական Ադրբեջանի կազմում
1989-ին ԼՂԻՄ-ը Սովետական Հայաստանին միանալու հայտ է ներկայացրել, սակայն այն մերժվել է Սովետական Միության կողմից
1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել

Արցախն ինքնավար երկիր է, 2017-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ընդունել է Արցախի Հանրապետություն անունը
Մեկնաբանելով Բելգիայի ֆլամանական խորհրդարանի բանաձևը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշեց. «Այս բանաձևը ճիշտ է ներկայացնում հակամարտության պատմական կոնտեքստը և հանգամանքները:

Սա շատ ողջունելի է և կարևոր առաջին քայլ է: Մենք լիահույս ենք, որ միջազգային հանրությունը կհասկանա, որ Արցախի Հանրապետության ճանաչումը ադրբեջանա-թուրքական իշխանության և իրենց կողմից օգտագործվող ահաբեկիչ ջիհադիստների ցեղասպան պլանները կասեցնելու անդրժելի նախապայման է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ