«Սա աննախադեպ ծանր պատերազմ է….». Արծրուն Հովհաննիսյան

«Հյուսիսային ուղղությամբ տեղի են ունեցել այս պատերազմի ամենածանր մարտերը: Երեկ և այօր հակառակորդը մի քանի դիրքերի ուղղությամբ մեծաքանակ ուժերով հարձակողական գործողություններ էր ձեռնարկել, դրանք աննախադեպ մեծ խտության հրետանային և հրթիռային ու ԱԹՍ-ների հարվածներով:

Ծանր մարտեր են ընթացել, որոնց ընթացքում մեր Զինված ուժերին հաջողվել է փայլուն կերպով պաշտպանվել, հետ շպրտել հակառակորդի մեծաքանակ ուժերին: Այսօր առավոտյան էլ որոշ մնացորդներ կային և ջախջախվում էին: Հակառակորդին պատճառել ենք մեծ կորուստներ՝ մարդկային, հակառակորդի զրահատեխնիկան այնքան էլ շատ չէր, զգալիորեն քչացել է»,- այս մասին «Առաջին լրատական»-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս մարտերը կարևոր էին նաև նրանով, որ առաջին անգամ շատ լավ որակի, համերաշխ, ներդաշնակ և համագործակցված մարտ վարեցին ժամկետային զինծառայողները, աշխարհազորը և պահեստազորը՝ մեկ բռունցք դարձած, ինչը մարտերի ժամանակ հեշտ չի ստացվում: Երեկ առավոտյան ազգային ոգուն բնորոշ փայլուն կռիվ ենք մղել: Այսօր ոչ այդքան մեծաքանակ ուժերով նորից հարձակման փորձ են կատարել հարավային ուղղությամբ՝ ոչ դեպի Արաքսի հովիտ, այլ մի փոքր ավելի հյուսիս, բայց հաջողության չեն հասել: Հակառակորդի գրոհները հետ են մղվել՝ նրանց զգալի կորուստներ պատճառելով»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը:

«Սա ինտենսիվ, աննախադեպ ծանր պատերազմ է, զոհերը շատ են, մեզ համար դա ցավալի է»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը

Նա նաև հավելեց, որ այս իրավիճակում մեր ռեսուրսները շատ ավելի արդյունավետ է օգտագործել ռազմական թիրախների վրա, ոչ թե քաղաքացիական:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ