Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները բավականին մեծ են՝ թե՛ երեկ, թե՛ այսօր. Հովհաննիսյան

Հակառակորդն այսօր լայնածավալ գործողություններ է իրականացրել հատկապես հյուսիսային ու հարավային ուղղություններում։ Երկու ուղղություններով էլ փորձել են համառ գրոհներ զարգացնել՝ հիմնականում հրետանային հուժկու, ինտենսիվ կրակով, հետևակով՝ զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրեց, որ  շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակարգերով է եղել հակառակորդը, որոնց մեր զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ ու հետ շպրտել։ Հովհաննիսյանի խոսքով՝ բավականին մեծ են Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները՝ թե՛ այսօր, թե՛ երեկ։

«Ինտենսիվության նոր մարտավարություն կարծես որդեգրած լինեն հատկապես բարձունքները գրոհելիս՝  մեծ խտությամբ հետևակի կիրառությամբ, այնպիսին, ինչպիսին հաճախ տեսել ենք ֆիլմերում։ Այս պահին նորից մարտերը շարունակվում են, թեև երեկոյան ժամերին ինտենսիվությունը մի փոքր նվազում է։

Օրվա ընթացքում տեսանք Ադրբեջանի հաղորդագրությունները այն մասին, որ  ՀՀ տարածքում, ընդ որում, սկզբում չկողմնորոշված նշում էին Քարվաճառ, հետո՝ ՀՀ սահման, հետո՝ Հայաստանի սահման, այսպես աշխարհագրության կարծես խնդիր ունեն, թիրախավորվել է մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգը, ինչը, հատուկ ուզում ենք շեշտենք, որ լեգիտիմացնում է ՀՀ-ի կողմից համապատասխան պատասխան քայլերը և թիրախավորումը նմանատիպ ռազմական նշանակության թիրախների Ադրբեջանի տարածքում»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ օրվա ընթացքում ՊԲ-ն հայտնել է, որ  հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Հովհաննիսյանը շեշտեց, որ սա մեծ ուշադրության պետք է արժանանա ողջ աշխարհում, և տեսնեն, թե ինչպես են բուժհիմնարկությունները ևս թիրախավորվում։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ դա մեզ համար զարմանալի չէ, քանի որ եթե թիրախավորում են եկեղեցին, կթիրախավորեն նաև հիվանդանոց և հոսպիտալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ