«Կոչ եմ անում ոչ միայն նյութական, այլև ֆիզիկական մասնակցության, մենք դրա կարիքը զգում ենք…» Արայիկ Հարությունյանի կոչը

Քիչ առաջ Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի հայրենակիցներին կոչով է դիմել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա խոսել է այն մասին, որ նման թշնամու հետ կա խաղաղություն հաստատելու մի ճանապարհ, այն է՝ պարտադրել խաղաղություն:

«Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր հումանիտար ստանձնած առաքելության առումով պատասխանատվությունը և հետագայում սկսել բանակցությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, չնայած արդեն իսկ անհնարին է, բայց ուշ չէ: Հակառակորդը ընտրել է այլ ճանապարհ. ընտրել է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու առաջին հերթին արցախահայությանը, հետո հաջողության դեպքում նաև՝ Հայաստանը»,— ասել է նախագահը:

Նա նշել է, որ այդ ձեռագիրը տեսնում ենք, մենք ավելի ծանր ժամանակներ էլ ենք ունեցել, 92-94 թթ․-ին, բայց մեզ հաջողվել է հաղթել, որովհետև հավատում էինք հաղթանակին, ասել է նա և կոչ արել.

«Այսօր էլ հավատում ենք, որ հաղթելու ենք, մեզ պետք է միավորվել և մասնակցել մարտական գործողությունների, ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը, Սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող եղբայրների, օրհասական պահն է այսօր, հայրենիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու՝ փոխարենը անպատիվ ապրելուց հրաժարվելու, դրա համար կոչ եմ անում ոչ միայն նյութական, ինչը շատ կարևոր է, շնորհակալություն բոլորիդ, այլև ֆիզիկական մասնակցության, մենք դրա կարիքը զգում ենք: Մենք հաղթելու ենք»,- կոչ է արել Արայիկ Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ