ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը հանդես է եկել հայտարարությամբ


ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը հանդես է եկել հայտարարությամբ։
«Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացմանը զուգընթաց մենք ավելի քան երկու շաբաթ է՝ ինտենսիվ բռնությունների փուլում ենք։

Քաղաքացիական անձինք մահանում են կամ կյանքը խեղող վիրավորումներ ստանում։ Տները, ձեռնարկությունները և երբեմնի բանուկ փողոցները փլատակների են վերածվում։

Չջեռուցվող նկուղներում ժամեր անցկացնող կամ իրենց տները հանուն անվտանգության լքող մարդկանց թվում ծերեր և նորածիններ կան։

Բացի այդ, առողջապահական ողջ համակարգը՝ իր անձնակազմով և շտապօգնության ծառայությամբ հանդերձ, գերլարված է աշխատում այս օրերին՝ որոշ տեղերում նույնիսկ ենթարկվելով ուղիղ հարձակումների։ Շփման գծի երկու կողմերի համայնքներում խառնաշփոթ է, կորուստներ և վախ։
Լիահույս ենք, որ մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը կպահպանվի և շոշափելի թեթևացում կլինի այդ մարդկանց համար։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մշտապես պատրաստ է աջակցել մարտական գործողություններում զոհվածների աճյունների արտահանձմանը և գերիների ազատ արձակմանը։ Կողմերը պետք է մինչ այդ փոխհամաձայնություն ձեռք բերեն նշված գործընթացների ձևաչափի շուրջ։
Մենք նրանց հետ շարունակական քննարկումների մեջ ենք՝ առաջարկներ փոխանցելով այս ու այն կողմին: Գործողությունը սկսելու համար պետք է լինեն գործառնական և նյութատեխնիկական պայմանավորվածություններ, և մեր թիմերի անվտանգությունը երաշխավորված լինի:

Ինչ վերաբերում է մեր արձագանքման գործողություններին, ապա ԿԽՄԿ-ն աշխատում է ողջ տարածաշրջանում՝ մեղմելու ներկայիս ռազմական իրավիճակում հայտնված քաղաքացիական անձանց տառապանքը։

Մասնավորապես, մենք դրամական աջակցություն և հիգիենայի պարագաներ ենք բաժանում հարյուրավոր ընտանիքների, ինչպես նաև անհետաձգելի բուժօգնության արկղիկներ՝ հիվանդանոցներին, և դատաբժշկական աջակցություն՝ իշխանություններին՝ կարիքների գնահատման նպատակով հնարավորության դեպքում իրականացնելով նաև դաշտային այցելություններ։

Մենք նաև սերտորեն համագործակցում ենք արձագանքման աշխատանքներում ներգրավված Հայկական Կարմիր խաչի և Ադրբեջանի Կարմիր մահիկի հետ։

Կանխատեսում ենք, որ առնվազն տասնյակ հազարավոր մարդիկ ողջ տարածաշրջանում աջակցության կարիք կունենան հաջորդ մի քանի ամիսներին։

Այս կապակցությամբ, մենք լրացուցիչ 9,2 մլն շվեյցարական ֆրանկի արտահերթ հայտ ենք ներկայացրել ու արդեն իսկ սկսել ենք նվիրատվություններ ստանալ կառավարություններից, ինչի համար երախտապարտ ենք։

Թույլ տվեք խոսքս ամփոփել մի մոր պատմությամբ. նա մեզ պատմեց՝ ինչպես էր մանկության տարիներին մարտերից փախչելով պատսպարվում նկուղներում և գիշերներն անցկացնում անտառներում։ Գրեթե երեսուն տարի անց նա կրկին ստիպված է նույնն անել, այս անգամ՝ իր փոքրիկ աղջկա հետ, որը դեռ երկու տարեկան չկա, և իր տարեց ծնողների հետ, որոնք ժամանակին պաշտպանել են իրեն։
Այդպիսի մարդիկ ու պատմությունները շատ են, և հենց հանուն նրանց պետք է հնարավոր ամեն բան անենք՝ նպաստելու նշանակալից մարդասիրական գործունեությանը»,-նշված է հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ