Առաջին ահազանգը Ռուսաստանի համար. կրակոցներ և զոհեր

Գրոզնիում ահաբեկիչների խմբի չեզոքացման օպերացիայի ընթացքում վիրավորվել է մեկ ոստիկան և զոհվել Ռոսգվարդիայի երկու մարտիկ: Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ահաբեկիչները Չեչնիա են եկել Սիրիայից՝ ահաբեկչական ակտեր կազմակերպելու համար: Նա նշել է, որ այդ մասին ունեցել են օպերատիվ տեղեկատվություն, և իրենց օգնել են նաև բնակիչները: Չորս ահաբեկիչները սպանվել են:

Չեչնիայում ահաբեկչական այդ բռնկումը հատկանշական է բառացիորեն նախօրեին էլ Դաղստանում ահաբեկչական միջադեպի ֆոնին: Երկու ահաբեկիչներ կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ: Պատասխան կրակով ահաբեկիչները սպանվել են: Դաղստանում իրավապահները չեն տուժել: Արդյոք պատահակա՞ն է ՌԴ հյուսիսկովկասյան այդ գոտում այդպիսի ակտիվացումը, առավել ևս Կադիրովի հայտարարության ֆոնին, որ ահաբեկիչները եկել են դրսից:

Այդ հարցը արդիական է այն առումով, որ Հյուսիսային Կովկասում այդ բռնկումը տեղի է ունենում Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի պայմաններում, որին մասնակցելու համար Թուրքիան ահաբեկիչներ է ներգրավել Սիրիայից, Լիբիայից՝ տեղափոխելով Ադրբեջան: Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Նարիշկինը պաշտոնապես հաստատել է այդ մասին տեղեկատվությունը: Իսկ ահաբեկիչները անկասկած լոկ Արցախի դեմ կռվելու համար չէ, որ պետք են Թուրքիային: Դա պատրվակ է, իսկ առավել ռազմավարական նպատակն իհարկե Կովկասում ահաբեկչական ճյուղավորման շանտաժի գործիք ստեղծելն է:

Այն, որ Ռուսաստանի համար այդ համատեքստը եղել է միանգամայն նկատելի, դրսևորվեց ոչ միայն ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Նարիշկինի հայտարարությամբ: Հոկտեմբերի 5-ին ՌԴ նախագահ Պուտինը Դաղստանում հանրապետության ղեկավարի պաշտոնակատար նշանակեց հակաահաբեկչական օպերացիաների փորձով գեներալի՝ ազգությամբ լեզգին Սերգեյ Մելիքովին: Գրոզնիում և Դաղստանում կրակողները հազիվ թե ներկայումս Ադրբեջանի տարածք ներբեռնված ահաբեկիչներն են, թեև պետք չէ բացառել, որ նրանց մեծ մասին ուղղելով ներկայումս Արցախի վրա՝ որոշներին, այդուհանդերձ, գործուղում են արդեն այլ ուղղություններով:

Խորքային առումով հարցն այն է, որ ստեղծելով ահաբեկչական հենակետ Ադրբեջանում՝ Անկարան էապես բարձրացնելու է նաև այլ ուղղություններում մինչ այդ եղած ներուժը «ոգևորելու» և «գեներացնելու» նոր միջավայր: Չեչնիայում և Դաղստանում հնչած կրակոցները դրա առաջին ահազանգն են ՌԴ-ի համար: Առավել ևս, որ դրա համար հող Անկարան Բաքվի միջոցով Դաղստանում, օրինակ, նախապատրաստում էր դեռևս ամիսներ առաջ՝ կորոնավիրուսի քողի տակ, երբ Ադրբեջանը, թույլ չտալով Դաղստանի սահմանին հավաքված ադրբեջանցիների մուտքն իր տարածք, ստեղծում էր որոշակի ճգնաժամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ