Ֆրանսիական «Հույսի շղթա»-ն բժշկական օգնություն է ցուցաբերել ԼՂ-ում պատերազմից տուժած բնակչությանը

Ֆրանսիական «Հույսի շղթա» կազմակերպությունը բժշկական օգնություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած բնակչությանը: Այս մասին ասված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

«Կիրակի, հոկտեմբերի 11-ին Փարիզից Երևան ժամանեց «Հույսի շղթայի» առաջին առաքելությունը՝ առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներ (էլեկտրական վիրահատական նշտարներ, շարժական վենտիլյատորներ), ինչպես նաև վեց հոգուց բաղկացած բժիշկների խումբ (կարդիոլոգ, օրթոպեդիստներ, վերականգնող վիրաբույժներ): Ըստ այս մարդասիրական առաքելության համակարգող, ֆրանսաբնակ սրտաբան վիրաբույժ Լևոն Խաչատրյանի, խումբը բաժանված է երկու մասի. առաջին մասը Երևանում կխնամի պատերազմական գոտուց բերված վիրավորներին, հատկապես երեխաներին, որոնք տուժել են ռմբակոծությունից և ստացել տարբեր տեսակի վնասվածքներ և այրվածքներ: Խմբի երկրորդ կեսը կմեկնի Ստեփանակերտ՝ տեղում գնահատելու վիճակը և հնարավորության սահմաններում խնամելու ադրբեջանական ռմբակոծություններից տուժած բնակիչներին»,- ասված է հաղորդագրությունում:

Կազմակերպությունը նշում է, որ կարիքի դեպքում առաջիկայում Հայաստան կժամանեն վիրաբույժների այլ խմբեր: «Հույսի շղթան» նախատեսում է ուղարկել նաև լրացուցիչ սարքավորումներ և դեղեր:

«Հույսի շղթա» բժշկական մարդասիրական ցանցը հիմնադրվել է 1994թ. և միջազգային մակարդակով կարևոր դեր է խաղում կարիքավոր երեխաների խնամքի և բուժման գործում աշխարհի երեք տասնյակ երկրներում: Ամեն տարի ավելի քան 200 հազար երեխա օգտվում է նրանց ծառայություններից, որոնցից 5800 վիրահատվում են:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,- նշվել է հայտարարության մեջ։

Ադրբեջանը հոկտեմբերի 11-ից շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ