«Թուրքիան սպառնում է իր բոլոր հարևաններին, հարձակվում է նրանց վրա». ԵԽԽՎ-ի դանիացի պատգամավոր

Ստրասբուրգում ավարտվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նիստը` տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստի ընթացքում բանախոսներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:

ԵԽԽՎ-ի պատգամավոր, Դանիայի ներկայացուցիչ Լարս Ասլան Ռազմուսենը հիշեցրել է Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրագործած ցեղասպանությունը՝ շեշտելով, որ հարկավոր է կանգնեցնել Թուրքիային:

«Կարծում եմ՝ ժամանակն է դեմ գնալ Էրդողանին: Ինչպես տեսնում եք, Թուրքիան սպառնում է իր բոլոր հարևաններին, հարձակվում է նրանց վրա: Մենք դա տեսնում ենք Սիրիայում, Կիպրոսում, այժմ էլ Հայաստանում: Կարծում եմ՝ կարևոր է հիշել հայ ժողովրդի ցեղասպանությունը, որն իրագործվել է Թուրքիայի կողմից, որը նրանք մինչև օրս ժխտում են:

Հիմա էլ նրանք հարձակվում են հայ բնակչության վրա: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է տանում՝ հայ բնակչության վրա հարձակվելու: Մենք վերջին օրերին բազմաթիվ ապացույցներ ենք տեսել: Մենք լսել ենք Թուրքիայի սպառնալիքները՝ ուղղված հայերի դեմ, նաև եվրոպական երկրների դեմ: Մենք տեսել ենք Թուրքիայում բանտարկված լրագրողների, ովքեր ճշմարտությունն են գրում այս ամենի մասին: Մենք տեսել ենք, որ Թուրքիան աջակցում է ջիհադիստներին Լիբիայում, Սիրիայում:

Ժամանակն է, որ Թուրքիային ասենք կանգ առնել: Այս ամենին վերջ դնելը միայն Հայաստանի և Ադրբեջանի գործը չէ, այս ամենին վերջ դնելը նաև Թուրքիայի գործն է»,- ասել է Ռազմուսենը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ