Իրանը պատրաստ է աջակցելու խաղաղության և կայունության հաստատման գործընթացին. Վաեզի

Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերին և գնահատել Ռուսաստանի դերակատարությունը:

«Մեր տարածաշրջանն ունի անհրաժեշտ հնարավորությունները խնդիրների կարգավորման և անվտանգության ու խաղաղության ապահովման համար: Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունները անկախ տարածաշրջանային տերությունների ներուժի լավ նախանշան են: Իրանը պատրաստ է աջակցելու խաղաղության և կայունության հաստատման գործընթացին՝ միջազգային իրավունքի համաձայն»,- «ԻՐՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է Վաեզին:

Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին միջնորդական ջանքերի համար և ողջունել հրադադարի մասին համաձայնությունը: «Հուսով ենք, որ խաղաղ բանակցությունները կսկսեն հնարավորինս շուտ»,- հավելել է իրանցի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 525 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ