Ամեն օր նոր շարասյուն է մեկնում. սիրիացի զինյալները The National-ին պատմել են, թե ինչպես են Թուրքիայում հավաքագրվել ու մեկնել Ադրբեջան

Արաբական Միացյալ Էմիրությունների The National լրատվամիջոցը զեկուցել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կազմում կռվող սիրիացի գրոհայինների մասին և մեջբերում է նրանց հետ զրույցից հատվածներ:

Հոդվածը վերնագրված է. «Թուրքիայի սիրիացի վարձկանները Լեռնային Ղարաբաղում հարցնում են. «Ինչու՞ ենք մենք այստեղ»:

Ըստ թերթի՝ գրոհայինները եկել են կռվելու փողի համար, բայց մարտերի սրությունը նրանց ստիպում է մտածել միայն Սիրիայում գտնվող իրենց ընտանիքի մասին:

National-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկումից անմիջապես հետո Թուրքիան հազարավոր սիրիացիներ է ուղարկել Ադրբեջանի կողմից կռվելու:

«Ես ձեզ հետ խոսում եմ ստորգետնյա բունկերից, որտեղից մենք ստիպված ենք եղել փախչել», – թերթին ասել է 24-ամյա Իբրահիմը, ով, ըստ դիտորդի, «խոսել է վախեցած ձայնով»:

«Մենք շատ ենք տուժել: Մենք այնքան մարդ ենք կորցրել, որ նույնիսկ հաշվել չեմ կարող: Ես չգիտեմ, թե ինչ ենք անում այստեղ: Անգամ փողը հիմք չէ այս սարսափ ֆիլմում նկարահանվելու համար: «Թուրքերը մեզ այնպիսի իրավիճակի մեջ են դրել, որից փրկություն չկա»,- ասել է սիրիացի վարձկանը:

Երեք երեխաների հայր Իբրահիմը The National-ին ասել է, որ ադրբեջանական զորքերը, որոնց հետ միասին իրենք պետք է կռվեին, մի քանի կիլոմետր հետ են մնացել, և միայն թուրքական ԱԹՍ-ն է աջակցում իրենց խմբին:

«Սուլթան Մուրադ» բրիգադի անդամ Իբրահիմը Իրանի հետ սահմանի առաջնագծում է: Նա ասել է, որ երեք շաբաթ առաջ զինյալներից մեկը կամավորներ է հավաքագրել «Ադրբեջանում թուրքական գործողությունների» համար:

«Մեզանից շատերը մերժեցին, քանի որ տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Լիբիայում թուրքական միջամտությունից հետո: Բայց ես մտածում էի, որ կարող եմ գումար աշխատել՝ ձմռանից առաջ ընտանիքիս փրկելու համար դժվարություններից»,- ասել է Իբրահիմը:

Իբրահիմին առաջարկվել է երեք ամսվա պայմանագիր՝ ամսական 1300 դոլար աշխատավարձով: Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ ռազմական գործողությունների սկսվելուց երեք օր առաջ: Սիրիացի վարձկանների գնահատմամբ՝ շուրջ 3000 սիրիացի զինյալներ կռվում են Ղարաբաղում:

«Միայն ուրբաթ օրը մենք ունեցել ենք վեց զոհ և 30 վիրավոր, որոնց տեղափոխել են Բաքու», – ասել է Իբրահիմը:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում սպանվել է առնվազն 107 սիրիացի վարձկան, ավելի քան 30-ը վիրավորվել են:

Մեկ այլ սիրիացի՝ Համիդ անունով, ասել է, որ սեպտեմբերի 18-ից ի վեր ինքը իր 15 մարդկանց ուղարկել է Լեռնային Ղարաբաղ: Վարձկանները հիմնականում «Սուլթան Մուրադ» բրիգադից են և սիրիական ընդդիմության զինված խմբավորումից, որը կոչվում է «Ալ-Համզայի դիվիզիա»՝ ասել է նա, բայց շատերը դեռ միանում են, ամեն օր նոր շարասյուն է մեկնում:

Կամավորների պակաս չկա, ասել է Համիդը: Թուրքիայի իշխանություններն արդեն գրանցել են մի քանի հազար մարդու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ