«Հավանական է, որ լավ դիվանագիտական աշխատանքի արդյունքում Ֆրանսիան, Ռուսաստանը ճանաչեն Արցախը…». Էդմոն Մարուքյան

Փակ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Արցախի անկախությունը ճանաչելու հարցը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ես կարող եմ ասել, թե ես ինչ եմ ասել։ Ես ասել եմ, որ եթե Հայաստանը պետք է ճանաչի եւ մնա միայնակ այդ ճանաչման հետ, ապա դա անիմաստ է, եւ Միսնկի խմբի առջեւ կփակի դուռը։ Եթե մենք կարողանանք դիվանագիտական աշխատանքով հասնել նրան, որ Արցախի անկախությունը ճանաչեն մեզ հետ միաժամանակ, օրինակ, Մինսկի խմբի համանախագահ երկրներից որեւէ մեկը, եւ այլ երկրներ, այդ պարագայում դա իմաստ կունենա։ Այս պահին այդ հարցը քննարկվում է։ Դա ուղերձ է արտաքին աշխարհին եւ դա շատ ճիշտ է։ Շատ հավանական է, որ Ֆրանսիան, Ռուսաստանը ճանաչեն Արցախը, լավ աշխատանքի արդյունքում։ ԱՄՆ-ը չէի ասի, որովհետեւ այնտեղ հիմա շատ խառը վիճակ է»,-ասաց նա։

Մարուքյանը հավելեց, որ սեղանի վրա պետք է դնել այն մոտեցումը, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչումը նաեւ Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի պաշտպանության հարց է. «Որ ասում են՝ «անջատում հանուն փրկության», դա տեղի է ունեցել,հիմա պետք է լինի «ճանաչում հանուն փրկության» բանաձեւը, եւ այդ ճանաչումը պետք է երաշխիքներ ունենա։ Այսինքն այն երկիրը, որ ճանաչում է, ինքը պետք է երաշխիքներ դնի, պաշտպանի այդ ճանաչումը։ Ուղղակի թղթի վրա ճանաչում, երբ զորքերը շարժվում են մեր կողմը, դա բան չի փոխի։ Ճանաչումը պետք է լինի ուժի, պաշտպանության երաշխիքներով»,-ընդգծեց Էդմոն Մարությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ